Ինչպես տեղեկացրել էի, Շիրակի պետհամալսարանում ռեկտորի անօրինականությունները և հանցագործությունները ոչ միայն չեն պակասել,այլև ավելի լկտի բնույթ են կրում: Պատճառը՝ ռեկտոր Սահակ Մինասյանի անպատժելիությունն է կատարած նախորդ հանցագործությունների համար: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների կողմից ՇՊՀ-ին վերաբերող հարցերին ի պատասխան նշում էր, որ բուհում պետք է անցկացվի անկախ աուդիտ: Այդ իսկ պատճառով բուհի գիտխորհուրդն անցյալ տարվա նոյեմբերին որոշել էր, որ աուդիտ պետք է անցկացվի և՛ 2016 թ-ի,և՛ 2017 թ-ի համար: Սակայն ՇՊՀ պաշտոնական կայքում 2017 թ-ի նոյեմբերի 21-ին զետեղված հայտարարությունն այն մասին, որ բուհը մրցույթ է հայտնում 2016 թ-ի աուդիտ անցկացնելու համար, և հաղթողը պետք է պարզ լիներ դեկտեմբերի 2-ին, որը մինչև դեկտեմբերի 25-ը պետք է աուդիտի արդյունքները ներկայացներ,այդպես էլ մնաց «թղթի վրա»: Ավելին, բուհի կայքից այդ հայտարարությունը մի քանի անգամ հեռացվել էր և նորից տեղադրվել: Երևի արդեն պարզ է,թե ինչ նպատակով և ում հրամանով է այն հեռացվել:
Միայն այն բանից հետո, երբ ես սույն թվականի հունվարի 10-ին գրառում կատարեցի ռեկտորի հերթական ապօրինության վերաբերյալ, չգիտես որտեղից և ինչ նպատակով բուհում հայտնվեցին աուդիտորներ: Զարմանալի է, եթե նոյեմբերի 21-ին հայտարարված մրցույթում նշված ժամկետները չեն պահպանվել, ապա ռեկտորը նոր մրցույթ պետք է հայտարարեր 2016 թ-ի բուհի ֆինանսական աուդիտ ակցկացնելու վերաբերյալ, որը չի արել: Սակայն հայտնի կեղծարար Սահակ Մինասյանը գնաց իր սիրելի ճանապարհով. անհայտ աուդիտորները բուհում հայտնվեցին գրառումիցս մեկ օր անց: Ինչ մրցույթի հիման վրա են նրանք հայտնվել բուհում ևս ոչ ոք չգիտի, քանի որ բուհի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն զետեղված չէ:
Անցկացնելով փոքրիկ հետաքննություն` շատ արագ պարզել եմ, որ բուհի 2016 թ-ի ֆինանսական աուդիտ անցկացնող մարդիկ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ շատ սերտ կապեր ունեցող աուդիտորներ են, որոնք գրեթե նույն կազմով բուհում աուդիտ են անցկացրել,չզարմանաք,2016 թ-ի հուլիսի վերջերին,երբ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սահակ Մինասյանը: Նրանք կատարել են 2016 թ-ի հունվարից մինչև 2016 թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածի աուդիտ և դրա դիմաց վարձատրվել են 1,5 միլիոն դրամով: Հետաքրքիրն այն է, որ այդ աուդիտորական խմբի մեջ է եղել նաև ՇՊՀ-ի ներկայիս գլխավոր հաշվապահ Րաֆֆի Քալաջյանը: Հետաքրքիր է, թե ի՞նչ ծառայություններ մատուցելու դիմաց է պարոն աուդիտորը ընդունվել ՇՊՀ որպես գլխավոր հաշվապահ 350 հազար դրամ ամսական աշխատավարձով:
Իսկ հիմա,Սահակ Մինասյանն իր անձնական օգտագործման աուդիտորներին կրկին բերել է բուհ և փորձում է ներկայացնել որպես անկախ աուդիտորական մրցույթի հաղթող և բուհի հաշվին բավական կլորիկ գումար է տալու դրանց: Այս հանգամանքը հաշվի առնելով կարելի է բացահայտ ասել, որ բուհում այժմ աշխատող աուդիտորներն անկախ չեն, շատ վաղուց կապ ունեն Սահակ Մինասյանի հետ և նրանց կողմից կազմված եզրակացությունը չի կարող պարունակել արդար տեղեկատվություն: Այսինքն` Շիրակի պետհամալսարանում 2016 թ-ի վերաբերյալ անցկացվող ֆինանսական աուդիտը կանխավ ոչ միայն կեղծված է, այլև ամեն ինչ անելու են կրթական գործի Կոլումբոսի աուդիտորները, որ Սահակ Մինասյանին հանրությանը ներկայացնեն որպես արդար մարդ:
ԿԳՆ հաշվետվության մեջ նշված էր, որ գնումների մասին օրենքն ու ընթացակարգերը չեն պահպանվել, իսկ հիմա նախարարի թողտվությամբ ևս աուդիտորները կեզրակացնեն, որ ամեն դեպքում համալսարանում ֆինանսական չարաշահումներ չկան: Այն, ինչ բուհում բոլորին է հայտնի, թե ինչ ահռելի գումարներ է ծախսել պարոն ռեկտորն իր աշխատասենյակը, սանհանգույցը, հանգստասենյակը, բուհի մարզադահլիճները վերանորոգելու նպատակով: Հենց սրանով է պայմանավորված, որ Սահակ Մինասյանը չի ցանկանում, որ բուհում աշխատեն ԱՆԿԱԽ աուդիտորներ, քանի որ կբացահայտվեն նաև 2016 թ-ին ռեկտորի կողմից գործած ֆինանսական մեքենայությունները:
Հ.Գ. Հունվարի 10-ի գրառմանս մեջ նշել էի Սահակ Մինասյանի անձնական օգտագործման որոշ աուդիտորների անունները: Զարմանալի չէր, որ այդ մարդկանցից մեկը հիմա որպես անկախ աուդիտոր ներկա է ՇՊՀ-ում:
Գագիկ Համբարյան