Եվրոպական խորհրդարանում խորհրդանշական ակցիայով աջակցություն են հայտնել Հայաստանին:
«Քրիստոնեական Հայաստանը դաժան հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից։ ԵՄ-ն դա չի նկատում այն ժամանակից ի վեր, երբ Ֆոն դեր Լյայենը սկսեց գազ խնդրել ադրբեջանցիներից։ Մենք «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբի պատվիրակության հետ աջակցություն ենք հայտնում Հայաստանին` խորհրդանշական ակցիա իրականացնելով Եվրոպական խորհրդարանում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրախորհրդարանի անդամ, բելգիացի քաղաքական գործիչ և գործարար Թոմ Վանդենդրիշեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։