Search
Close this search box.

Որոշակի տարածքներ կվերադարձվեն. Պեսկովը խոստովանեց

Խերսոնի և Զապորոժիեի մարզերի որոշակի տարածքներ կվերադարձվեն: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ստորագրել էր դաշնային օրենքը, որը վավերացնում է ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագիրը:

«Նորից եմ կրկնում` այնտեղ որոշակի տարածքներ կվերադարձվեն։ Եվ մենք կշարունակենք խորհրդակցել բնակչության հետ, որը Ռուսաստանի հետ ապրելու ցանկություն կհայտնի»,- նշել է Պեսկովը։

Նա հավելել է, որ տարածքների վերադարձի դեպքում նախագահական հրամանագրում որևէ բան ավելացնելու կարիք չի լինի։
Ինչպես նշել է Պեսկովը, նոր շրջանների վերաբերյալ փաստաթղթում խոսքը Խերսոնի և Զապորոժիեի մարզերի այն տարածքի մասին է, որի շրջանակում ՌԴ-ի կազմում սուբյեկտների ընդունման պահին գործել է ռազմաքաղաքացիական վարչակազմը:

«Հրամանագիրը կարդացեք։ Այնտեղ իրավաբանական ձևակերպում կա։ Ընդհանուր առմամբ այնտեղ խոսքը այն տարածքի մասին է, որտեղ ընդունման պահին գործել է ռազմաքաղաքացիական վարչակազմը»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նա ընդգծել է, որ նոր տարածաշրջանները ռուսական օրենսդրական, իրավական միջավայրին հարմարվելու համար բավականին լարված գործընթաց պետք է անցնեն։
«Իհարկե, այժմ բավական լարված գործընթաց է սպասվում այդ տարածքների հարմարեցման համար` թե՛ մեր օրենսդրական, թե՛ իրավական, թե՛ գերատեսչական միջավայրներին և այլն»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե մոտ ժամանակներս արդյոք այդ տարածաշրջաններից Պետդումայի պատգամավորների ընտրություններ կհայտարարվեն, և արդյոք Դաշնության խորհրդի ներկայացուցիչներ կնշանակվեն:

Նրա խոսքով՝ հարմարվելու համար ժամանակ կպահանջվի։
«Լարված իրավիճակը հաշվի առնելով` իհարկե, բարդ կլինի։ Բայց դա այն ծանր ճանապարհն է, որը մենք բոլորս պետք է հանգիստ անցնենք»,- ընդգծել է Պուտինի մամուլի քարտուղարը։

Please enter a valid URL