Թուրքական իշխանամետ Sabah պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ըստ Sabah-ի՝ հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը ուղերձներ կփոխանցի Հայաստանի վարչապետին, մասնավորապես, որ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար նշանակված հատուկ ներկայացուցիչների հանդիպումները պետք է հետևողականորեն անցկացվեն Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրներում։
Բացի այդ, Թուրքիայի նախագահը նշելու է, որ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար Հայաստանը «պետք է զերծ մնա սադրանքներից, ինչպես նաև խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ»,–գրում է թերթը։
Հայկական կողմը դեռ պաշտոնապես չի հայտարարել Փաշինյան-Էրդողան առաջիկա հանդիպման մասին։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն, ապա վարչապետը հայտնել էին, որ նման հանդիպում հնարավոր է։