Search
Close this search box.

Եթե Բաքուն ներկայացրել է 1919-20 թթ․ քարտեզը, ուրեմն Նախիջեւանը, Կարսը, Արարատ լեռան շրջանը պետք է վերադարձվեն Հայաստանին

Լուսանկարում Հայաստանի 1920 թ․ քարտեզն է, որը Հայաստանը ներկայացրել է Ազգերի լիգա (այն ժամանակվա ՄԱԿ-ը) եւ որը ճանաչվել է Ազգերի լիգայի կողմից։ Նախիջեւանը, Կարսի, Արարատ լեռան շրջանները, այլ տարածքներ Հայաստանի Հանրապետության մաս էին։

ՀՀ իշխանությունը երեկ հրապարակայնացրեց Բաքվի պահանջները։ Կետերից մեկը վերաբերում էր նրան, որ Բաքուն ներկայացրել է 1919-20 թթ․ կազմված քարտեզը՝ Հայաստանի կեսի հանդեպ տարածքային պահանջներով։ Բաքուն այդ քարտեզը 1920-ին ներկայացրել էր Ազգերի լիգա, որը չէր ճանաչել այն։ Ինչպես նշեցինք, ճանաչվել էր Հայաստանի ներկայացրած քարտեզը, եւ ընդհանրապես, այդ շրջանում Հայաստանը միակ ճանաչված պետությունն էր, ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի ու այսպես կոչված «Ադրբեջանի»։

Բաքուն, հնարավոր է, այս քարտեզները ներկայացնելով, փորձում է բարձրացնել խաղադրույքները եւ ավելացնել ճնշումը։ Առավել հավանականն այն է, որ Բաքվի տարածքային հավակնությունները, որոնց մասին անթաքույց խոսում է Ալիեւը, չեն բավարարվում այսպես կոչված խորհրդային քարտեզներով, եւ նա 1919-ի չճանաչված քարտեզն է դեմ տալիս։

Այս պարագային, Ալիեւը փաստացի դեմ է գնում նաեւ 1921 թ․ Մոսկվայի/Կարսի ռուս-թուրքական պայմանագրերին, իսկ դա նշանակում է, որ Հայաստանին պետք է վերադարձվեն Նախիջեւանը, Կարսի, Սուրմալուի, Արարատ լեռան շրջանները։

Բաքվի ներկայացրած 1919-20 թթ․ քարտեզը, որը չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից

Հատկապես կարեւոր է Նախիջեւանի խնդիրը, որին Լրագիրը բազմիցս անդրադարձել է, նշելով, որ Բաքվի հետ բանակցություններում այս խնդիրը մանեւրի եւ պահանջների լայն դաշտ է բացում իրավական լիարժեք հիմունքներով։ Նախիջեւանն Ադրբեջան չէ, 1921-ի պայմանագրերով, որոնց իրավական առավելագույն ժամկետը լրացել է, այն հայկական ինքնավարություն է Բաքվի խնամակալության տակ։ Մարզը պետք է վերադառնա հայկական ինքնավարության հիմունքներին՝ Բաքվի ստորաբաժանումների դուրսբերումով եւ հարյուր հազարավոր հայ բնակչության վերադարձով: Ի տարբերություն Արցախի, Նախիջեւանի հայկական ինքնավարության կարգավիճակը միջազգային պայմանագրի նյութ է:

1921-ի պայմանագիրը չի կարող գործել մի հատվածում (Կարս-Արարատ) եւ չգործել Նախիջեւանի դեպքում։ Եթե պայմանագիրը չի գործում, ապա ի՞նչ են անում Կարսը, Արարատ լեռը Թուրքիայում: Ինչու՞ Նախիջեւանը ՀՀ սուվերեն իրավասության սահմաններում չէ:

ՀՀ տարածքի շուրջ կեսի հանդեպ Բաքվի օրինական որեւէ հիմք չունեցող տարածքային պահանջներին պիտի հակադրվի Մոսկվա/Կարսի պայմանագրի պահանջների կատարումը: Այս հարցերը ՀՀ կառավարությունը բարձրացնո՞ւմ է բանակցությունների ժամանակ։

Լրագիրը բազմիցս անդրադարձել է այն խնդրին, որ Հայաստանի դեմ 2020-ի սեպտեմբերին ռուս-թուրքական արշավի եւ «հետպատերազմյա կարգավորման» պատճառը 1921-ի Մոսկվայի/Կարսի պայմանագրերի իրավական առավելագույն՝ 100 ամյա ժամկետի սպառումն է։ Մոսկվան ու Անկարան փորձում են վերաթարմացնել պայմանագրի գործառնությունն ընդլայնված՝ «խաղաղության պայմանագրի» միջոցով Հայաստանից ստանալով Արցախի ու Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության ճանաչումը, ինչպես նաեւ Հայաստանի կեսի հանդեպ հավակնությունները։ Բաքուն այդ քարտեզը չէր ներկայացնի, եթե չլինեին 1921-ի պայմանագրերի հեղինակ Մոսկվայի եւ Անկարայի այդ նպատակները

lragir.am

Please enter a valid URL