Search
Close this search box.

ՔՊ-ական պատգամավորը դեմ է Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում տպագրված Ադրբեջանի պահանջներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ տեղյակ չէր, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը երեկ ինչ էր գրել Ադրբեջանի ներկայացրած հինգ պահանջների վերաբերյալ. չի կարդացել։ Խորհրդարանում նա ասաց, որ դեմ չէ, եթե լրագրողները կարդան այդ հինգ պահանջները, ինչից հետո ավելացրեց.

«Կամ ասեք՝ ինչն է ձեզ անհանգստացնում, ի՞նչ կարևոր է, կարդացե՞լ եմ, թե՞ չեմ կարդացել»,- նշեց Հովկ Աղազարյանը։

Իսկ երբ լրագրողներն ընթերցեցին Ադրբեջանի ներկայացրած հինգ պահանջները, իշխանական պատգամավորն ասաց.

«Դրանք ինձ համար անընդունելի պահանջներ են։ Նիկոլ Փաշինյանի հետ այս կամ այն հատվածներով, իհարկե, միշտ էլ քննարկումներ ու խոսակցություններ լինում է, բայց եթե դա փաստաթուղթ է, ես տեղյակ չեմ և ասում եմ՝ նման փաստաթուղթն անձամբ իմ համար անընդունելի է։ Արցախի ժողովուրդը պետք է ժխտի, մերժի նմանատիպ մոտեցումը։ Այդ բոլոր հարցերով պետք է զբաղվի Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված իշխանությունները»,- շեշտեց Հովիկ Աղազարյանը։

Նա նաև ընդգծեց, որ պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի սատարեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

Իսկ հարցին, թե ում է պատկանում «Հայկական ժամանակը», Հովիկ Աղազարյանը նախ ասաց, թե չգիտի, այնուհետև ավելացրեց. «Նիկոլ Փաշինյանին»։

Please enter a valid URL