SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 11 խումբը «աջ ծոծրակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Սյուզաննա Ա․-ն է։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Կիևյան փողոցի 5 հասցեում գործող «Լեդի» մերսման սրահից։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ այդ օրը, ժամը 05։30-ին նշված սրահ են այցելել ոմն Աբոն և Ժորը, ովքեր սրահի տնօրեն Լևոն Ա․-ի և աշխատակիցների հետ իրենց չսպասարկելու շուրջ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, իսկ ոմն Ժորը հարվածել է Սյուզաննա Ա․-ի գլխին, դեմքին, ապա հարվածներ հասցրել Լևոն Ա․-ին և մերսման սրահի աշխատակցուհի Մելանյա Ի․-ին։ Արաբկիրի ոստիկանները, ձեռնակելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ոմն Ժորը Երևանի բնակիչ 31-ամյա Ժորա Մ․-ն է, ում նույն օրը հայտնաբերել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ դեպքի փաստով նախապատրաստել են նյութեր, որոնք էլ Ժորա Մ․-ի հետ ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ ոմն Աբոյի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և Արաբկիրի քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ Սյուզաննա Ա․-ն աշխատում է «Լեդի» մերսման սրահի մենեջեր։