Search
Close this search box.

Ընթերցողն ինքն իրեն թող հարց տա, սրանից խաղաղության հո՞տ է գալիս. Դերենիկ Խաչատրյան

Փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քիչ առաջ անդրադարձա ձախողված դիվանագիտության հարցին, ու հիմա ստիպված եմ անդրադառնալ ձախողված «խաղաղությանը»
ՀՀ դե ֆակտո վարչապետին պատկանող թերթը, հղում կատարելով հավաստի աղբյուրին՝ նույնն է թե թերթի տիրոջը, հրապարակել է մի հոդված, որտեղ նշվում է, թե ինչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից՝ հակառակ պարագայում սպառնալով պատերազմով․
— ԼՂ պաշտպանության բանակի լուծարում
— ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
— Միջանցք Հայաստանի տարածքով
— Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
— Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Ընթերցողն ինքն իրեն թող հարց տա, սրանից խաղաղության հո՞տ է գալիս։ Որևէ նորմալ հայ պատրա՞ստ է բավարարել այս պահանջները։ Իսկ եթե ենթադրենք, որ հայկական կողմը դա բավարարի, որոնք են լինելու Ադրբեջանի հաջորդ պահանջները։

44-օրյա Պատերազմից անմիջապես հետո փորձագիտական շրջանակները համառորեն պնդում էին, որ պետք է հրաժարվել խաղաղության կեղծ օրակարգից և ողջ պետական, քաղաքական և համազգային ներուժը համախմբել՝ պատրաստվելու համար անխուսափելի նոր պատերազմին։ Դրա համար հարկարվոր էր ասֆալտի փոխարեն ԱԹՍ-ներ գնել, ոստիկաններին և պետական համակարգին տրվող պարգևավճարների փոխարեն՝ ՀՕՊ համակարգեր, ընդդիմության ակտիվիստներին ձերբակալելու փոխարեն, փորձել համախմբում կազմակերպել, Սփյուռքի կարկառուն դեմքերի մուտքը հայրենիք փակելու փոխարեն՝ օգտագործել նրանց ներուժը աշխարհում հայկական խոսույթը ընկալելի դարձնելու նպատակով։
Բազմիցս նշել ենք, որ Սև լիճի համար պատերազմը բացառողը ստիպված է լինելու պատերազմել Սևանա լճի համար, Իշխանասարի բարձունքների հանձնումից հետո ստիպված ենք լինելու Սիսիանի շուրջ խրամատներ փորել, իսկ Ալ լճերի հատվածը հանձնելով հակառակորդը կախվելու է Վարդենիսի և Ջերմուկի գլխին։

Բազմիցս նաև նշվել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված այլ զիջումները միայն գրգռելու են Ադրբեջանի ախորժակը․ դրանց թվում Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը, «անկլավների» թեմայի հրապարակայնացումը, Հայաստանում և Արցախում մի շարք բնակավայրերի հանձնումը՝ Շուռնուխ, Խծաբերդ ու Հին Թաղեր և այլն, ականապատման քարտեզների հանձնում, որևէ պայմանագրով չնախատեսված՝ 1-ին պատերազմի դիերի հանձնում, դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ, Արցախի ԶՈՒ փաստացի լուծարման գործընթացի մեկնարկ և այլն։ Այս գործընթացներից շատերը ՀՀ իշխանությունները ոչ միայն սկսել են՝ Ադրբեջանի պահանջով, այլև ամեն կերպ փորձել են արդարացնել դրանք՝ տարբեր քարոզչական միջոցներով ապահովելով դրանց հանրային ընկալումը։

Բոլոր քննադատությունների պատասխանը մեկն էր․ «մենք ունենք ժողովրդից ստացած մանդատ՝ հաստատելու խաղաղություն, կամ, կարճ ասած, ինչ ուզում, դա էլ բանակցում ենք»։ Իսկ հիմա այդ նույն մարդիկ անմեղ հայացքով հանգիստ բացատրում են հայ հասարակությանը, որ իրենց տված «խաղաղության մանդատը», առ ոչինչ է, որովհետև, «պարզվեց» Ադրբեջանը ագրեսիվ և ծավալապաշտական պետություն է, այլ ոչ թե «կիրթ և գրագետ» գործընկեր։

Այդ ընթացքում մենք կորցրեցինք դիրքեր, զորքեր, և իհարկե, ժամանակ․․․

Հ․գ․ Դեռ մեկ ամիս առաջ դե ֆակտո վարչապետը հայտարարում էր, որ իր պատկերացմամբ բոլոր երկրները խաղաղություն են ուզում՝ այդ թվում Ադրբեջանն ու Թուրքիան․․․ Ակնհայտ է, որ նա շատ լավ պատկերացնում էր Ադրբեջանի ուզած «խաղաղության» գինը, ուրեմն ինչո՞ւ էր այնուամենայնիվ նման հայտարարությամբ հանդես գալիս․․․

Please enter a valid URL