Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկացրել է, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող ArmTimes լրատվական կայքը «Ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ ուշագրված հրապարակում է արել, որի անանուն հեղինակը հինգ կետով ներկայացրել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին եւ որ միայն Նիկոլ Փաշինյանն է ամբողջությամբ տիրապետում այդ տեղեկատվությանը։

Հրապարակման անանուն հեղինակը, մասնավորապես, գրում է. «Եթե գնանք գույքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Դրանք հետևյալն են.

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3. Միջանցք Հայաստանի տարածքով
4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Պետք է հաշվի առնել, որ վերը նշված հարցերը թվարկված են՝ ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար:

Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ»:

Հեղինակը նաեւ խոստանում է հաջորդիվ անդրադառնալ հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն:

Հաշվի առնելով, որ «Հայկական ժամանակը» պատկանում է վարչապետի ընտանիքին, կարելի է վստահաբար եզրակացնել, որ «հավաստի աղբյուրը», ինչպես ներկայացել է անանուն հեղինակը, ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Փաշինյանը, որը Վեհափառի եւ նախկին նախագահների հանդիպմանը հաջորդած՝ Լեւոն Տեր–Պետրոսյանի հայտնի հարցազրույցից հետո հնարավորություն ուներ անդրադառնալ այդ թեմային սեպտեմբերի 30–ի իր երկու ժամանոց ասուլիս–հարցազրույցի ընթացքում, գերադասում է կարեւոր բանակցությունների մանրամասների արտահոսք անել անանուն հեղինակի ստորագրությամբ։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը պաշտոնապես ադրբեջանական պահանջների մասին չխոսելով՝ հետագայում խուսանավելու հնարավորություն է պահպանում։

Please enter a valid URL