ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերքում է Բաքվի այն հայտարարությունը, թե իրենք են առաջարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստն անցկացնել նախատեսվածից շուտ և տեղափոխել հոկտեմբեր։ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ առաջարկը եղել է հայկական կողմից։
«Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը»,– նշեց Հունանյանը։
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն է Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին։
Հիշեցնենք` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կայացել է հոկտեմբերի 2-ին Ժնևում։
ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության համաձայն` Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։