Search
Close this search box.

«Հաղթանակ» զբոսայգու նոր «Սատանի անիվ» կարուսելն ապօրինի է տեղադրվել. քաղաքապետ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու նոր «Սատանի անիվ» կարուսելն ապօրինի է տեղադրվել։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ` անօրինական կառույցի մասին հարց ուղղելով Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին։

«Շուտ է կառուցվել։ Մինչև հունիս ամիսը կառուցված է եղել։ Ոստիկանությունից էլ պետք է պատասխանեին։ Գրությունը եկել է»,– պատասխանեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։

Քաղաքապետն էլ հանձնարարեց մինչև հաջորդ երկուշաբթի համապատասխան խախտման մասին արձանագրությունը կազմել ու հաջորդ գործակարգավարական խորհրդակցությանը ներկայացնել։

Նշենք, որ այգու նոր ատրակցիոնի ապօրինի լինելու մասին սա քաղաքապետարանում արված առաջին հայտարարությունն է։ Սարալանջի բարձունքում կառուցված նոր ատրակցիոնն արդեն մի քանի ամիս տեսանելի է քաղաքի տարբեր հատվածներից։

Իսկ այգու ֆեյսբուքյան էջում նոր ատրակցիոնի մասին առաջին հրապարակումը կատարվել է հուլիսի 14-ին, երբ դրա մետաղական շրջանակը նոր էր տեղադրվում։
Այգու ղեկավարությունը գրել էր. «Մարդիկ նկատում են, մարդիկ սպասում են»։

«Հաղթանակ» զբոսայգին իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար գովազդում է նոր նախաձեռնությունը. Սեպտեմբերի 25-ին այգին մոդելների ու աստղերի մասնակցությամբ ֆոտոսեսիա է իրականացրել նորակառույց կարուսելի մոտ։

Please enter a valid URL