Search
Close this search box.

Կրեմլից Ալիեւին հավաստիացրել են, որ Հայաստանին զենք չեն վաճառի․ ագրեսիայի նոր ակտերը երկար սպասեցնել չեն տա

Նիկոլ Փաշինյանը հեռուստահարցազրույցում վերահաստատեց, որ սպառազինության մատակարարման համար գումարներ են փոխանցվել Ռուսաստանին, սակայն ոչ զենքը կա, ոչ փողը։ Նա նշել է, որ պայմանագրեր կան, եւ փողը պետք է վերադարձվի, միաժամանակ սպառազինության վերաբերյալ օգտագործելով «մետաղի ջարդոն» արտահայտությունը։ Հնարավոր է՝ ռուսները փողի դիմաց առաջարկել են փոխել սպառազինության ցանկը եւ առաջարկել ջարդոն, այսինքն՝ հին սպառազինություն, թեեւ ռուսական ժամանակակից համարվող սպառազինությունն էլ արագորեն ջարդոնի է վերածվում ուկրաինական ճակատում՝ արեւմտյան ամենեւին էլ ոչ ամենաթարմ զենքի հարվածներից։

Ռուսները ոչ զենք, ոչ փող չեն վերադարձնի, բնականաբար։ Միեւնույն ժամանակ, ռուսական քիչ թե շատ ճշգրիտ ու արդյունավետ զինատեսակների միջուկն արեւմտյան է, եւ այդ զինատեսակներն արագորեն սպառվում են Ուկրաինայում։ Նորերի արտադրությունը խնդրահարույց է արեւմտյան պատժամիջոցների պայմաններում, եւ զուր չէ, որ ռուսներն աշխարհով մեկ զենք են փնտրում Ուկրաինա տեղափոխելու համար։

Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ Հայաստանին սպառազինության մատակարարումը մերժվել է ոչ ամենեւին այս հանգամանքներից ելնելով, եւ եթե չլինեին Ուկրաինայում պատերազմը եւ պատժամիջոցները, Մոսկվան միեւնույն է զենք չէր մատակարարի Հայաստանին։ Սպառազինության մատակարարումը դադարեցվել է նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, եւ դա բնական է՝ նոյեմբերի 9-ի թուղթը եւ «հետպատերազմյա կարգավորումը» Պուտին-Էրդողան պակտով ենթադրում է այդ թվում Հայաստանի զինաթափումը։

Հայաստանի տարբեր շրջաններում ռուսական ռազմական տեղակայումները, Ակնայում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի եւ Գյումրիի 102-րդ բազայի խնդիրների համադրումը՝ հայկական բանակի կարողությունների հետեւողական սահմանափակմամբ, ուղղված են Հայաստանի մասնատման ծրագրերի անխափան իրականացմանը։

Այն, որ Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին, հաստատեց Ալիեւը դեռ 2021-ին, երբ հայկական զլմ-ներում տարածվեց անանուն տեղեկություն, թե իբր Շոյգուն հայտարարել էր զենքի մատակարարման մեկնարկի մասին։ «Մենք այդ հարցերով դիմել ենք ռուսական կողմին և ստացել ենք մեզ բավարարող պատասխաններ», ասել էր նա։

Մոսկվան արագացնում է իր ծրագրերը Հայաստանի դեմ․ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայից հետո արեւմտյան կոշտ հայտարարություններին հետեւեց Օվերչուկի շաղակրատանքը «ճանապարհների ինքնիշխան իրավունքի» եւ ՌԴ ԱԳՆ կոշտ արձագանքը միջազգային դիտորդության տեղակայման կապակցությամբ։ Փաշինյանի նույն հեռուստահարցազրույցից բոլորին պարզ դարձավ, որ խոսքը միջանցքների ու ՀԱՊԿ «դիտորդության» տեղակայման Մոսկվայի մտադրության մասին է։

ՌԴ-ն ոչ մի անգամ չի դատապարտել Բաքվի ներխուժումները, դրանք անվանելով վիճելի տարածքներում սահմանային միջադեպեր, ոչ մի անգամ չի պահանջել Բաքվի զորքերի հեռացումը ելման դիրքեր, թեեւ պարտավոր էր թե որպես եռակողմ հայտարարության հեղինակ ու երաշխավոր, թե որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ։ Ավելին, նույն ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանը տապալեց Հայաստանի դեմ ագրեսիայի վերաբերյալ բանաձեւի քննարկումները։ Այս ամենը վկայում են, որ Մոսկվան Բաքվի ներխուժումների եւ Հայաստանի մասնատման ծրագրի հեղինակն ու առաջնորդողն է։

Հայաստանի ռուսանպաստ խաժամուժը, որը մինչ այժմ շարունակում է ՀԱՊԿ-ում մնալու եւ ռուսների օգնությամբ բանակը բարեփոխելու վերաբերյալ ապուշությունները, ուղիղ եւ հավասար պատասխանատվություն է կրում Հայաստանի դեմ իրագործվող ծրագրի համար։

Ագրեսիայի նոր ակտերը սարերի հետեւում չեն, Ժնեւում Հայաստանի ու Բաքվի ԱԳ նախարարների հանդիպման օրը համացանցում հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի տարածումը պատահականություն չէ։

Lragir.am

Please enter a valid URL