Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ առաջարկներով են իրանցի գեներալները եկել Երևան, ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում Իրանից

Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանի կարծիքով՝ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում ոչ մի պայմանագիր որևէ երկրի չի երաշխավորում, որ իր տարածքում պատերազմ տեղի չունենա:

«Անգամ սահմանազատումն ու սահմանագծումը դրա երաշխիք չեն: Բազմաթիվ երկրներում պատերազմ է տեղի ունենում այն պարագայում, երբ այդ երկրների սահմանները սահմանագծված և սահմանազատված են: Այն, ինչ մեզ փորձում են մատուցել, որ սահմանների առկայությունը երաշխիք է, որ պատերազմ տեղի չունենա, կամ ինչ-որ պայմանագիր երաշխավորելու է, որ խաղաղ ապրենք, մի փոքր երազային մոտեցում է: Խաղաղությունը ուժեղներինն է: Եթե դու ուժեղ, կազմակերպված չես, ոչ մի խաղաղություն քո տարածքում երաշխավորված չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում ասել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստ չկա, բայց ԱԳ նախարարները հոկտեմբերի 2-ին պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ:

Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները խոսում են հայ-ադրբեջանական սահմաններին միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտության մասին: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «միջազգային դիտորդների» տեղակայմանը՝ ընդգծելով, որ ոչ տարածաշրջանային խաղացողները փորձում են ապակայունացնել իրավիճակը Անդրկովկասում: Իրանագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Իրանը, արդյո՞ք դա վտանգներ չի պարունակում նաև Իրանի համար:
«Իրանը վերջին շրջանում շատ բարդ իրավիճակում է, բայց նաև շատ լավ գիտի, որ իր երկրում ցանկացած խլրտոց պայմանավորված է տարածաշրջանում ինչ-որ բան փոփոխելով: Իրենք ասում են, որ այս խլրտոցները փորձում են Իրանի ուշադրությունը շեղել, և իրենց քթի տակ ինչ-որ բան ձևափոխվի: Իրանը գուցե դեմ չի լինի, եթե ՄԱԿ-ից խումբ կա, չնայած՝ Իրանը նաև շատ լավ գիտի, որ ՄԱԿ-ի դիտորդները թիվ մեկ լրտեսներն են, և ինքն իր սահմանների անվտանգության մասով պետք է մտահոգվի: Իրանական մամուլին որ հետևենք, խոսույթը Փաշինյանի հանդեպ սկսել է փոխվել. Մինչ այդ երբեք իշխանությունն ու Հայաստանի ժողովուրդը չէին տարանջատվում, բայց վերջին շրջանում իրանական մեդիայում արդեն փորձում են Փաշինյանին առանձնացնել Հայաստանի ժողովրդից՝ ասելով, որ Հայաստանի ժողովուրդն այլ բան է ուզում, բայց Փաշինյանն այլ բան է ուզում: Դա նշանակում է, որ Իրանը մտահոգություն ունի, որ ՀՀ իշխանություններն ինչ-որ իրավական լուծումներով փորձեն այնպիսի քայլ անել տարածաշրջանում, որը, ի վերջո, կվերջանա Իրանին վնասելով: Դրա համար իրենք փորձում են նաև ժողովրդից առանձնացնել Փաշինյանին և փորձել այդպես խոսել»,- ի պատասխան՝ ասաց նա:

Առաքելյանի խոսքով՝ Հայաստանը գոնե 44-օրյա պատերազմից հետո պետք է Իրանի հետ զորավարժություններ անցկացներ. «Իրանի հետ զորավարժություններ անցկացնելու հնարավորություն կար, նաև կար իրենց կողմից ցանկություն, նաև կար առաջարկություն: Հիմա շատ բաներ չի լինում հրապարակավ ասել, բայց թե՛ զինամթերքի, թե՛ զինուժի հետ կապված առաջարկներ պատերազմի ընթացքում ու դրանից հետո Իրանի կողմից Հայաստանից եղել են, բայց ոչ մի պատասխան չեն ստացել: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունների կողմից ցանկություն չկար, որովհետև երբ տարված ես ժողովրդավար լինելու գաղափարով, դու չես կարող «ոչ ժողովրդավար» երկրի հետ հարաբերություններ ունենալ: Երկրորդ՝ Արևմուտքի կողմից ճնշում կար Հայաստանի վրա: Տրամաբանորեն, մենք դա պետք է անեինք, միակ բանը, որով մենք կարող էինք ցույց տալ, որ տարածաշրջանում գործոն ենք, Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները խորացնելն էր, որը չենք արել: Չեմ ուզում ասել, որ դա տգիտության արդյունք է, կարող եմ ասել, որ պատվերի արդյունք է»:

Իրանագետը շեշտեց՝ Հայաստանը Իրանից զենք ձեռք բերելու հնարավորություններ ունի. «Իրանը շատ բաց տեքստով պատերազմի ժամանակ հայտարարեց, որ այսուհետ կարող է զենք վաճառել, չկան պատժամիջոցներ: Ռուսաստանը հիմա արդեն Իրանից է ԱԹՍ-ներ առնում, որովհետև էժան և էֆեկտիվ են: Այնպես չէ, որ հիմա Ռուսաստանը զինամթերք չունի և մնացել է Իրանի հույսին, բայց իրանական ԱԹՍ-ները մոտավորապես 10-15 հազար դոլար են, և հիմնականում ամերիկյան ԱԹՍ-ների կրկնօրինակն են: Հետևաբար, եթե պատերազմում ուզում ես էֆեկտիվ ԱԹՍ-ներ ունենալ, ապա անգամ Ռուսաստանն է դիմում Իրանին, և կարող էինք մենք էլ ձեռք բերել»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ հայկական կողմը դիմել է, բայց իրանական կողմից մերժում է եղել, նա պատասխանեց. «Նույն հարցը ես էլ եմ ինձ տվել, բայց հակառակն է, ես գոնե երկու դեպք գիտեմ, որ իրենք եկել և առաջարկել են Երևանում: Պատերազմից հետո կորպուսի գեներալներից երկու հանդիպում գոնե Հայաստանում է տեղի ունեցել, իրենք եկել են կոնկրետ առաջարկություններով: Մենք այսօր փորձում ենք Հայաստանում զարգացնել ԱԹՍ-ների արտադրությունը, և դրա մի պլատֆորմը իրանական է, նման գիտական հարաբերություններ կան, բայց դա ավելի երկարատև աշխատանք է: Հիմա եթե պետք է պատրաստի տեխնոլոգիան, դա կարող ենք գնել»:

Please enter a valid URL