Նախօրեին դեպքերը եղել են հենց այն պատճառով, որովհետեւ մենք հակազդում ենք, չենք թողնում իրենք առաջ գան, չենք թողնում ամրանան, չենք թողնում տեխնիկա մոտեցնել: Այս մասին այսօր Վարդենիսում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը՝ խոսելով ադրբեջանական հերթական ագրեսիայի մասին:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հակառակորդը չամրանա, իսկ թե ինչ հակազդման միջոցներ է պլանավորվում, միանշանակ բարձրաձայն չեմ կարող ասել: Վերջին հաշվով, մենք ունենք հրաման՝ Հայաստանի սուվերեն տարածքների վերականգնում: Զինված ուժերի պարտականությունն է՝ կատարելու վերադասի հրամանը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի դրան հասնենք: Լսել եք երեւի՝ Հայաստանը քանի քառակուսի կմ է, այդքանն էլ պետք է ապահովենք՛՛: