ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի նաև Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, փորձում է այնպես անել, որ ՀՀ-ին զենք չմատակարարվի. 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից, վարչապետն այս մասին հայտարարեց կառավարության նիստում:
«Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ հնարավոր է՝ նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի: Մենք ունենք դեպքեր, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա իհարկե, ցավալի իրողություն է: Եվ մենք պետք է խորապես վերլուծենք այս իրադրությունը»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ հայկական կողմը հրաժարվի իր պետականությունից, իր ինքնիշխանությունից, իր տարածքային ամբողջականությունից զիջումներ անի:
«Բայց, ուզում եմ նաև ընդգծել, որ՝ ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Եվ փառք բոլոր այն հերոսներին, որոնք կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»,-ընդգծեց Փաշինյանը: