Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո, որը մեկնարկել է սեպտեմբերի 21-ից, մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են Հայաստան գալիս։ «Ռուսաստանի պաշտպանության, նրա ինքնիշխանության և ամբողջականության պաշտպանության համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացման առաջարկը», – ասել է Պուտինը։
Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահի տեղակալ Սիրուշ Թումանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեև խուճապ չկա, բայց Կրասնոդարի հայերից շատերն են, որ այս իրադարձությունների ֆոնին ցանկանում են վերադառնալ Հայաստան. «Կոնկրետ թվեր չեմ կարող ասել, բայց Հայաստան վերադառնալ ցանկացողները շատ են: Բայց ճիշտ չի լինի ասել, թե խուճապային տրամադրություններ են: Հայերը հիմնականում ասում են՝ եթե պետք է գնանք կռիվ, ավելի լավ է գնանք մեր Հայաստանի համար կռվենք: Բայց չկան այդպիսի մարդիկ, որոնք ասեն՝ ուզում ենք այստեղ գնանք, պայքարենք, կռվենք: Ոչ մեկն էլ չի ուզում գնա պատերազմ, բոլորն էլ ուզում են, որ խաղաղ լինի երկիրը: Քանի որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ լարված են, շատերը կան, որ ասում են՝ ուզում ենք գնալ, մեր հայրենիքի համար պայքարել»,-ասաց նա:
Սիրուշ Թումանյանի խոսքով՝ Կրասնոդարում հակապատերազմական ցույցեր չկան, ինչպես օրինակ Յակուտիայում, Դաղստանում. «Ցույցեր չկան: Փողոցից մարդկանց չեն բռնում տանում: Մեզ մոտ նման դեպք չի եղել, առնվազն մեր ծանոթների, բարեկամների հետ նման դեպքեր չեն պատահել: Դե ընդհանրապես, այստեղի ժողովուրդը չի ուզում, որ կռիվ լինի, դրա համար պայքարում են, որ չլինի»:
Ինչ վերաբերում է դեպի Հայաստան ավիատոմսերի անհավատալի բարձր գներին, նա նշեց, որ ոչ միայն Մոսկվայից, նաև Կրասնոդարից են տոմսերը բավական թանկացել. «Ով ուզեցել է գնալ, արդեն գնացել է, ով չի ուզեցել՝ չի գնացել: Այո, իհարկե շատ թանկ են տոմսերը, ու բնականաբար, դա դժգոհություն է առաջացնում»,-ասաց Սիրուշ Թումանյանը: