Search
Close this search box.

Միայն պայքարողի համար է դուռ բացվում, կտրականապես համաձայն չեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ․ Ռոբերտ Քոչարյան

Այո՛, կան բազմաթիվ խնդիրներ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ուղղակի հանձնվենք եւ ընդունենք այն պարտադրանքները, որոնք կան Հայաստանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկումներին, որ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումն անխուսափելի է՝ անկախ այն բանից, թե ով կգա իշխանության։

«Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն է եւ նա մոտավորապես նման մոտեցում էլ ունեցել է 1992 թվականին։ Ես ի՞նչ ասեմ։ Ես երբեք չեմ համարել, որ լինում են անհույս վիճակներ։ Միայն պայքարողի համար է դուռ բացվում։ Կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականներին։ Այո՛, վիճակը ծանր է։ Տեսակի հարց է։ Ես այդպիսի գնահատականը չեմ կիսում»,- նշեց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ բացահայտել, թե Հայաստանի եւ Արցախի պաշտոնաթող նախագահների ու Վեհափառի մասնակցությամբ հանդիպման մանրամասները, սակայն նշեց, որ իր ներածական խոսքից հնարավոր էր հասկանալ, թե ինչ առաջարկով է հանդես եկել ինքը։

Հարցին, թե արդյոք ինքը տեսնում է Հայաստանը միութենական պետության կազմում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ առիթ եմ տվել մտածելու, թե առաջարկում եմ միանալ միութենական պետության։ Մեկ տարի առաջ, այո՛, անորոշ էր իմ պատասխանը, որովհետեւ համարում եմ, որ պետք է քննարկել բոլոր կոմպոնենտները՝ չբացառելով ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգության խնդիրը»։

Please enter a valid URL