ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միանշանակ է համարում, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի, Միրզոյանն այս մասին ասաց Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ մամուլի հայտարարության ժամանակ:
Երկու երկրների ԱԳ նախարարները Երևանում մանրամասն քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները: ՀՀ ԱԳ նախարարին իր հույն գործընկերոջը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, այդ թվում ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:
«Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ոչ համարժեք ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների: Եվ այս համատեքստում արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի»,-ասաց Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը հավելեց՝ միաժամանակ միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները:
Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Հունաստանին և Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ հատկապես այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն առերեսվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությամբ նկատմամբ ագրեսիային: Ըստ նախարարի՝ Հունաստանի ԱԳ նախարարի՝ 2020 թվականին աշնանը 44-օրյա պատերազմի դժվարին օրերին այցը Հայաստան և հիմա Երևանում գտնվելն, այն համերաշխության և աջակցության հավաստիքն են, որը Հայաստանը մեծապես գնահատում է:
Արտգործնախարարներն իրենց հանդիպմանը անդրադարձել են հայ-հունական հարաբերությունների զարգացմանը: «Անցած 30 տարիներին մեզ հաջողվել է հաստատել ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ընդգրկուն երկկողմ օրակարգ, որը ներառում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը տնտեսության, պաշտպանության, տրանսպորտի, մշակույթի և այլ կարևոր ոլորտներում: Արձանագրել ենք, որ արդյունավետ փոխգործակցություն է ծավալում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով»,-ասաց Միրզոյանը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով կկարողանան այս կարևոր ձևաչափն էլ ավելի զարգացնել և ծառայեցնել երեք երկրների կենսական շահերի առաջմղմանը: