Սեպտեմբերի 18-ին ինձ այցելել է Վեհափառ Հայրապետը, երկար խոսեցինք ստեղծված վիճակի մասին, վտանգների մասին և ելքեր փնտրելու անհրաժեշտության մասին և որոշեցինք, որ արժե կազմակերպել նման մի հանդիպում, Հանրային հեռուստաընկերության եթերում Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով անցած շաբաթ Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահների հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ։
«Ի դեպ, Վեհափառը որոշել է շարունակական լինելու դեպքում Արամ Առաջինին հրավիրել Հայաստան համահայկական բնույթ տալու համար խնդրին: Ես պետք է գնահատեմ Վեհափառի աշխատանքը եւ ջանքերը այս գործը գլուխ բերելու եւ շարունակելու ուղղությամբ: Շատ դրական դեր է խաղում այսօր»,– ասաց նա:
Առաջին նախագահն ասաց, որ ինքը նախապես պատրաստել էր հաղորդագրությունը, որը պետք է տարածվեր հանդիպումից հետո, սակայն իր տարբերակը չի ընդունվել։ Ապա Լևոն Տե–Պետրոսյանը կարդաց այն․
«Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Մայր Աթոռ սուրբ էջմիածնում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ մասնակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների: Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առջեւ կանգնած լրջագույն խնդիրները եւ դրանք լուծելու համար ցավոտ որոշումները խորհրդակցության մասնակիցներն օրվա խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը եւ իշխանության ու ընդդիմության միջեւ կառուցողական երկխոսության միջեւ սկզբնավորումը»:
Հաղորդավարի հարցին, թե ով էր դեմ իր այս տարբերակին, Լևոն ՏերՊետրոսյանն ասաց, որ սա ներքին խոսակցություն է։ «Խորհրդապահությունը շատ կարեւոր է, եթե սկսենք նման բաներ ասել, մենք մեր գործը կփչացնենք»,– ասաց նա:
Առաջին նախագահը նաև նշեց, որ այսօր Հայաստանը գտնվում է այնպիսի ճակատագրական վիճակում, որ նախկին բոլոր հակասությունները, վեճերը, պետք է թողնել եւ լինել երկխոսության մեջ:
Կոմունիստները եւ դաշնակներն իրար հետ պատերազմել են, բայց եկավ ժամանակ, երբ խոհեմություն ունենալով, կարողացան գտնել լուծում, որը մեզ ապահովեց 101 տարվա խաղաղություն՝ 1920 թվականից մինչեւ 2021 թվական: Եվ այդ տարիների ընթացքում օտար զինվորի ոտք Հայաստան չէր մտել: Առաջին անգամ մտավ անցյալ տարի: 71 տարի Հայաստանն ապրեց խաղաղ՝ չհաշված Հայրենական պատերազմը, բայց Հայաստանի տարածքում չէր: Ստեղծեցինք պետություն, ազգ դարձանք, որը կառուցեց իր պետությունը»,– ասաց նա: