Ղազախստանի հարավ-արևելքում՝ Ջամբիլի և Ալմաթիի մարզերում այսօր մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման ուժերի «Փոխգործողություն — 2022», «Որոնում — 2022», «Էշելոն — 2022» խորագրերով զորավարժությունները, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ մինչև հոկտեմբերի 8-ը անցկացվելիք զորավարժությունների ընթացքում «մշակվելու են պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և բազմակողմանի ապահովման հարցերը»:
Ավելի վաղ ՀԱՊԿ Միացյալ շտաբը հաղորդել էր, որ «Փոխգործողություն — 2022» հրամանատարաշտաբային զորավարժությունը նախատեսում է «հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում», փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Որոնում — 2022» զորավարժության ընթացքում պետք է մշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական մարմինների և ուժերի կողմից հետախուզության կազմակերպումը և իրականացումը, իսկ «Էշելոն — 2022»-ը ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման մշակմանը:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: