Search
Close this search box.

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի գոյություն չի արձանագրում

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանից Նախիջևան որևէ կոնկրետ ճանապարհի առկայություն չի ենթադրում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացը դադարեցված չէ։ Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթգծի շինարարությունը դեռ չի մեկնարկել, իսկ Ադրբեջանից Նախիջևան անցնող ավտոմոբիլային ճանապարհի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում որևէ ճանապարհ կամ ուղի, այլ խոսքը տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի արևմտյան հատվածների և Նախիջևանի հետ իրականացվող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անվտանգության ապահովման մասին է։ Հարցը դեռ քննարկվում է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից հայտնել են նաև, որ երկաթգծի և ավտոմոբիլային ճանապարհի գործարկման հստակ ամսաթիվ հնարավոր չէ նշել։
Պատասխանում նշված է նաև, որ տարածաշրջանային ապաշրջափակման հանձնաժողովի հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն դեռ չկա։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալիս` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Բաքուն հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ամեն կերպ փորձում է մեղադրել Երևանին ապակառուցողական դիրքորոշման մեջ։ Իրականությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է ազգային իր օրենսդրության շրջանակում բացել ճանապարհներն Ադրբեջանի համար։
Սակայն Բաքուն, նրա խոսքով, ուզում է, որ նոր ճանապարհ բացվի։ Դա ևս ընդունելի է Հայաստանի համար, իսկ 2020 թվականի հայտարարության մեջ նշվում է, որ նոր ճանապարհը կարող է կառուցվել կողմերի համաձայնության դեպքում։ Հայաստանը պատրաստ է կառուցել ճանապարհ, որը կգործի ՀՀ ազգային օրենսդրության համապատասխան և կլինի ինքնիշխան վերահսկողության ներքո։

Please enter a valid URL