Տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ Թուրքիայից փախչող շատ քրդեր են անցնում Հայաստանի սահմանը և հանձնվում հայկական կողմին’ խնդրելով թեկուզ այստեղ բանտ նստել, բայց փրկել սեփական կյանքը։ Այստեղ որոշ ժամանակ պատիժ կրելով սահմանի ապօրինի հատման համար’ քրդերը տեղափոխվում են եվրոպական որևէ երկիր, որտեղ էլ հիմնականում միանում են հայկական քարոզչական և որևէ այլ աշխատանքի։
Աբրահամ Գասպարյանը երեկ քրդական հավաստի աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ Հայաստանի իշխանությունը առաջին անգամ Թուրքիային է հանձնել երկու քրդերի։
Աբրահամի մեկնաբանությամբ, սա նշանակում է, որ.
1. ՀՀ իշխանությունը զավթած խունտան ամբողջությամբ ցանկանում է հաճոյանալ Թուրքիայի իշխանությանը՝ Պրահայում հոկտեմբերին սպասվող էրդողան-փաշինյան հնարավոր հանդիպմանն ընդառաջ։
2. Հայաստանի իշխանությունը փորձում է ապահովել Թուրքիայի չեզոք դիրքորոշումը կամ ճնշումն Ադրբեջանի նկատմամբ, երբ ՀԱՊԿ մոնիտորինգային պատվիրակությունն այսօր մեկնի ՀՀ-ից, և պաշտոնական Բաքուն, օգտվելով առիթից, նախաձեռնի լայնածավալ ռազմական գործողություններ։
3. Տնտեսական վատթարացող պայմանների և Հունաստանի հետ հարաբերությունների գերլարման ֆոնին էրդողանը «հավաքում» է սեփական իշխանության լեգիտիմության լրացուցիչ հիմքեր՝ բոլոր պետությունների հետ գնալով քաղաքական առևտրի՝ Սկանդինավյան երկրներից մինչև հարավային Կովկաս։
Իմ կողմից։ Քրդերն, իհարկե, 100 տարի առաջ միացել են Թուրքիայի նախաձեռնած հայոց ցեղասպանությանը և շատ հայերի կոտորել։ Դա չենք մոռանում, բայց այսօր քրդական գործոնը էականորեն թուլացնում է Թուրքիային, և հայ-քրդական հարաբերությունները բավական լավ հիմքերի վրա են։
Քրդերը օգնում են Արևմտյան Հայաստանի ավելի 4.5 մլն հայերին’ ինքնության պահպանման և զարգացման հարցերում’ լավ հասկանալով, որ ուժեղ հայերը իրենց համար ևս կարևոր գործոն են։
Քրդերին թիկունքից խփելը հիմա ևս մեկ ուղղությամբ թուլացնում է Հայաստանի տարածաշրջանային դերը։ Չմոռանանք, որ Թուրքիայի քրդերը ունեն Ռուսաստանի և Իրանի ոչ բացահայտ աջակցությունը, և եթե Հայաստանը նման հիմար քայլ է անում քրդերի նկատմամբ, ապա մեզ համար ևս մեկ քաղաքական ու անվտանգային լուրջ ռիսկի դուռ է բացում։
Նաիրի Հոխիկյան