ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին նամակ է ուղղել` կոչ անելով դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին` Հայաստանի դեմ ագրեսիայի պատճառով։ Այս մասին սենատորը գրել է Twitter-ում։
«Ես խորը մտահոգված եմ Հայաստանի տարածքում, այդ թվում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական հարձակումների վերսկսման կապակցությամբ։ Կապան, Գորիս, Ջերմուկ, Վարդենիս և Ճակատեն համայնքների վրա այս չպատճառաբանված և անօրինական հարձակումները հանգեցրել են ավելի քան 100 հայերի մահվան»,- գրել է նա։
Մենենդեսը հավելել է, որ ադրբեջանական ռեժիմի այս ագրեսիան դաժանության վերջին վկայությունն է և հանդիսանում է ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության վերանայման պատճառ։
Սենատորը հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ագրեսիան հանգեցրել է հազարավոր մարդկանց մահվան և մոտ 100 հազար էթնիկ հայերի տեղահանման։ Նա գրել է նաև Ադրբեջանի կողմից արգելված զենքերի կիրառման և հայ գերիներին չվերադարձնելու, նրանց մարմինները խոշտանգելու և ծաղրելու մասին։
«Չի կարելի համակերպվել Ադրբեջանի ագրեսիայի հետ։ ԱՄՆ-ն չպետք է որևէ դեր խաղա ավտորիտար դաժանությանն աջակցելու գործում»,- ասել է նա։
Մենենդեսը հավելել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, որպեսզի գնահատի ԱՄՆ օգնության ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա։