Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հիմքում դրվող քարտեզներով քննարկում դեռ չեն իրականացնում։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Համապատասխան հարցումը մենք ՀՀ փոխվարչապետի գրասենյակ էինք ուղարկել օգոստոսի վերջին, որտեղ այն վերահասցեավորել են նախարարությանը։
«Սահմանազատման հիմքում դրվող քարտեզների հետ կապված այս պահին քննարկում չկա։ Միաժամանակ կարևոր ենք համարում տարածքի նկատմամբ տիտղոսի իրավական հիմք հանդիսացած փաստաթղթերի համակողմանի վերլուծությունը` հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները», – ասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանում։
Նախարարությունից հայտնել են նաև, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում 2022 թվականի նոյեմբերին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալիս` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր Ադրբեջանի նախագահին ներկայացնել մի քարտեզ, որով ճանաչում է ՀՀ տարածքը։
Նա նշել էր, որ Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների դելիմիտացիայի, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեման Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների համար։