Search
Close this search box.

Մենք հավատարիմ ենք մնում աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ ԼՂ ժողովրդի համար. Բայդենը՝ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է.

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

Սեպտեմբերի 21-ին մենք միանում ենք հայ ժողովրդին՝ նշելու ձեր նվիրումը ժողովրդավարությանը և մեր երկրների ու ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը։ Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա նայել դեպի բարգավաճ և խաղաղ ապագա, ինչը ներառում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորում։

Հայտնում ենք մեր ցավակցությունը վերջին հարձակումների ժամանակ զոհերի կապակցությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունը տարածաշրջանում առավել կայունություն հաստատելու ջանքերին։ Մենք հավատարիմ ենք մնում Ձեր և այլ կողմերի հետ աշխատելու՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

Այս տարի ԱՄՆ-Հայաստան մեր նորացված ռազմավարական երկխոսությունը վերահաստատեց մեր համատեղ հանձնառությունը երկկողմ հարաբերություններում կապերի ամրապնդմանը և ընդգծեց Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հետագծին:

Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին, մինչ դուք շարունակում եք աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի, հաշվետու ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ուժեղացման ուղղությամբ:

Մեր համատեղ աշխատանքն անցած տարվա ընթացքում շարունակել է ամրապնդել և խորացնել մեր ժողովուրդների միջև կապերը: Ամբողջ հայ ժողովրդին մաղթում եմ անվտանգ և խաղաղ Անկախության տոն»։

Please enter a valid URL