Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից այսպես կոչված «ռազմական գործողության» ավարտի մասին։
Վերադառնալով Սամարղանդից՝ թուրք առաջնորդը լրագրողներին հայտնել է, որ նման տեղեկություն է ստացել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից։
Էրդողանը լրատվամիջոցներին ասել է, թե իմաստ չունի քննարկել այն, ինչն արդեն ավարտված է։
«Մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք»,–հավելել է նա:
«Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացները հաջողությամբ ավարտվեն, իսկ խաղաղությունն ու կայունությունը երկարընթաց լինեն»,–ասել է Էրդողանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: