Search
Close this search box.

Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանում. Քյարամյան

Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանում. Քննությունը այդ առումով շարունակվում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Գեղարքունիքի մարզում մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

«Մեկը ուղիղ ճանապարհը թիրախավորելու արդյունքում է զոհվել: Այո, ունենք նաեւ դեպք, որ շտապօգնության մեքենան է թիրախավորվել»,-ասաց նա:

Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ նախաձեռնելու եւ միջազգային մարդասիրական մի շարք էական խախտումներ թույլ տարու հետ կապված քրգործեր են հարուցվել. Քրեական գործեր են հարուցվել նաեւ դիակապտության հոդվածով:

«Քննություն է իրականացվում եւ այս պահին Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց Ձորում քննչական տարբեր խմբեր են փորձագետների հետ միասին աշխատում: Առաջնային նպատակը զննություններով ֆիքսելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին, օբյեկտներին հասցված վնասը: Բազմաթիվ քաղաքացիական շենքեր են վնասվել: Մեր խնդիրն է նաեւ այդ վնասները ֆիքսել, հստակեցնել, հետագայում նաեւ ապրանքագիտական փորձաքննություններ միջոցով պարզել նյութական վնասի ընդհանուր արժեքը: Այս պահին քննչական խմբերը այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարում»,-ասաց նա:
Քյարամյանի խոսքով, քրեական գործը հարուցվել է հենց ագրեսիայի օրը եւ այդ օրվանից սկսած աշխատանքները ՔԿ-ն տանում է:

Նա նկատեց, որ վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների կամ դրանց միջեւ ընկած տարածքներում որեւէ զինվորական ենթակառուցվածք կամ զինվորական անձնակազմ չի եղել. «Ակնհայտ է, որ Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները»,-ասաց Քյարամյանը:

Հարցին, թե քննչական աշխատանքներն ավարտելուց հետո որոնք են լինելու հետագա գործողությունները, ՔԿ նախագահը պատասխանեց. «Իրականում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը շատ կարեւոր է, որ հստակ ֆիքսենք, որ միջազգային ատյաններում կարողանանք բարձրացնել այդ հարցերը: Մեր գործընկերներն այդ ուղղությամբ աշխատում են, մենք մեր հավաքած ապացույցները կտրամադրենք նաեւ այդ ատյաններում աշխատող պետական իրավասու կառույցներին: Շատ ինտենսիվ ու օպերատիվ ենք աշխատում, դրանց մի մասն արդեն տրամադրել ենք, անընդհատ նորանոր տրամադրվում են նորանոր տեղեկատվություններ:

Նաեւ իդենտիֆիկացված գերիների վերաբերյալ մեր գործընկերները դիմել են եւ կան արդեն Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու որոշումներ»:

Please enter a valid URL