Search
Close this search box.

Փելոսիի հայտարարությունը՝ Հայաստան այցից առաջ

Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան խորհրդանշում է Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականությունը` խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան, ինչպես նաև կայուն ու խաղաղ կովկասյան տարածաշրջան ունենալուն։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցից առաջ նման հայտարարություն է տարածել նրա գրասենյակը։

«Կառավարության ղեկավարների, քաղաքացիական հասարակության և անվտանգության մարմինների անդամների հետ աշխատանքային հանդիպումների ժամանակ կփոխանցենք ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի երկար տարիների բարեկամ, վճռական և շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորման հարցում»,- ասել է Փելոսին։

Նրա խոսքով` պատվիրակությունն անհամբերությամբ է սպասում արդյունավետ հանդիպումներին, որոնք կշարունակեն ամրապնդել գործընկերությունը ՀՀ-ի հետ և առաջ տանել 2 երկրների շահերը տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ Փելոսիի` ՀՀ այցի մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 15-ին։ Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Please enter a valid URL