Search
Close this search box.

Շոյգուն բանակցություններ է վարել Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարի հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի հետ։ Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել են, որ Շոյգուն զրուցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նշվում էր, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահների կողմից կատարվող աշխատանքները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։

Please enter a valid URL