Search
Close this search box.

Զախարովան՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի, հրադադարի պայմանավորվածության մասին

Չնայած սահմաններին տիրող լարվածությանը` Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել։ Ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա գլխավոր առաջնահերթությունն է։ Ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը սեպտեմբերի 8-9-ը այցելել է Բաքու, սեպտեմբերի 13-14-ին` Երևան»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով` հիմնական թեման եղել է խաղաղության պայմանագրի քննարկումը։ Ռուսաստանը ձգտում է մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ Նա վստահեցրել է, որ համապատասխան ջանքերը կշարունակվեն։

Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ տարածաշրջանի խաղաղ կարգավորման հիմքը։

Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը կպահպանվի, նշել է Զախարովան. «Հրադադարի մասին առաջին պայմանավորվածությունից հետո կրկին փոխհրաձգություններ են եղել։ Երեկ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել»։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Մոսկվան կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, բոլոր խնդիրները լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, այդ թվում ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում:

Please enter a valid URL