Վերջին ժամերին ԶԼՄ-ները հակասական տեղեկություններ են հաղորդում Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում՝ Սոթքում, Նորաբակում, Կութում, Վերին Շորժայում տիրող իրադրության մասին։ Մի կողմից շրջանառվում են լուրեր, թե ադրբեջանական զորքերը որոշակի առաջխաղացում են արձանագրել, մյուս կողմից՝ կան հավաստիացումներ, որ հայկական կողմին հաջողվել է վերականգնել մի քանի մարտական դիրքերի նկատմամբ վերահսկողությունը։
«Այս գիշեր խաղաղ է անցել, հակառակորդի կողմից կրակոցներ, հրետակոծություններ չեն եղել։ Նույնը կարող եմ ասել նաև այս պահի դրությամբ»,-ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում հավաստիացրեց Սոթքի գյուղապետ Սևակ Խաչատրյանը։
Նա նշեց, որ դրանով պայմանավորված, գյուղացիները սկսել են վերադառնալ իրենց տները, զբաղվել իրենց առօրյա հոգսերով, խնդիրներով։
«Ամեն օր էլ մարդիկ վերադառնում են, քանի որ այստեղ ունեն տուն, սեփականություն, զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և այլն»,-վստահեցրեց գյուղապետը և հույս հայտնեց, որ Սոթք վերադարձնողների թիվը կավելանա, քանի որ ադրբեջանական ագրեսիայի առաջին երկու-երեք օրերի վտանգը նվազել է։
Միաժամանակ, Խաչատրյանը նշեց, որ դեռևս գյուղ չեն վերադառնում երեխաները, իսկ թե ինչ է սպասում առաջիկայում նրանց՝ այդ թվում՝ կրթական ու կենսական այլ խնդիրների առումով, պաշտոնյան դժվարացավ հստակ տեղեկություններ տալ։
Ինչ վերաբերում է թշնամու պատճառած վնասներին և դրանց նախնական գնահատումներին՝ մեր զրուցակիցը նշեց․
«Վարդենիս համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ներկայում համապատասխան ճշտումներ և ուսումնասիրություններ են կատարվում։ Վնասվել են հիմնականում բնակելի տներ, օժանդակ տնտեսություններ, այլ շինություններ և այլն։ Ամեն ինչ արվում է, որպեսզի գնահատվի պատճառված վնասի չափը»։