Search
Close this search box.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կրկին նիստ կհրավիրի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրկին նիստ կհրավիրի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրին հղումով։

Ինչպես ընդգծում է գործակալությունը, նիստը հրավիրվելու է Հայաստանի խնդրանքով։ Նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն արդեն քննարկվել է Անվտանգության խորհրդի փակ փորհրդակցությունների ժամանակ։ Այս անգամ քննարկումները կանցկացվեն բաց ռեժիմով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 105 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Please enter a valid URL