Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը փաստաթուղթ ստորագրելու մասին խեղաթյուրվել է և արդեն որպես ապատեղեկատվություն տարածվել, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա նշել է, որ վարչապետն ասել է, որ այն, ինչ հիմա քննարկվում է, մենք դրա մեջ ռիսկեր ենք տեսնում և չենք ստորագրելու, բայց դրանից հետո տարածվել ապատեղեկատվությունը, որ իբր կա՛մ արդեն ստորագրվել է, կա՛մ շուտով կստորագրվի։
«Ու գործակալական որջերից, «պադվալներից», գետնի տակից դուրս են վազում ինչ–որ առողջ երիտասարդներ, որոնց, ի դեպ, օգտվելով եթերից շնորհավորում եմ, նրանք շահել են զինկոմի ուղեգիր, կարծեմ նաև մեզ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ժամանակ էին տվել և այս պահին ունեն ութ ժամ, իրենց իրերը հավաքեն, որովհետև առավոտյան ժամը 9-ից ․․․ մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ ճոխությունը, որ նման ոգի ունեցող ռեսուրսը չգնա առաջնագիծ»,– ասաց նա։
Վահագն Ալեքսանյանը նաև նշել է, որ քիչ առաջ խոսել է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որն ասել է, որ խոսել է զինկոմի հետ և այս «ոգով, ուժեղ երիտասարդները վաղը առավոտվանից կստանան իրենց ուղեգրերը ու կմեկնեն առաջնագիծ»։