Search
Close this search box.

«Հրապարակ». Ի՞նչ է ասել Փաշինյանը փակ հանդիպմանը

«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից առաջ՝ Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ժամանոց փակ հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության հետ։ Նա իր գոհունակությունն է հայտնել հայկական բանակի հրամկազմի ու զինուժի ցուցաբերած բարձր պատրաստվածության վերաբերյալ՝ ասելով, որ չնայած ուժերի անհավասարությանը, կիրառվող զենքերի տարբերությանը, մեր տղաները կարողանում են դիմադրել եւ թույլ չտալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին՝ ճեղքի ու կտրի Սյունիքը Հայաստանից եւ ուժով ճանապարհ բացի` իր համար այդքան ցանկալի Զանգեզուրի միջանցքը ստանալով։ Փաշինյանն ասել է՝ իբր իր համար միջանցքի հարցն այն կարմիր գիծն է, որը չի կարող հատել ցանկացած իրավիճակում։ Նաեւ հավելել է, որ Ադրբեջանը միջանցք կստանա միայն կռվի, մեզ ոչնչացնելու ճանապարհով, իսկ որ թուրք-ադրբեջանական տանդեմն իր առջեւ հենց այդ խնդիրն է դրել, դրանում ոչ մեկս կասկած չունի։

Ասել է նաեւ, որ այս պահին ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա, հարցը քննարկել են Անվտանգության խորհրդում եւ եկել այդ եզրահանգման, նաեւ այն պատճառով, որ բանակն իր առջեւ դրված խնդիրը փայլուն է կատարում, եւ ՄՈԲ-ի կարիքը չի զգացվում, քանի որ ռազմական դրության էությունը հենց դա է։ Իրականում կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է անմիջական պատասխանատվությունից, քանի որ ռազմական դրության պարագայում ինքը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար, եւ զինված ուժերն իրեն են ենթարկվում: Ասել է թե՝ թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է համարվում: Եվ այսօր չի հայտարարում ռազմական դրություն, որ եթե վաղը, մյուս օրը, աստված մի արասցե, պարտություն կրեն, եւ պատասխանատվության հարց ծագի, նորից պարտությունը բարդի այլոց ուսերին։ Բացի այդ՝ ռազմական դրություն հայտարարելու փաստը կարող է խուճապ առաջացնել հանրության շրջանում․ Երեւանի կենտրոնում շատերն այսօր անհաղորդ են Ջերմուկում, Գեղարքունիքում ու Սյունիքում ընթացող պատերազմին, եւ քանի դեռ այդ ուղտն իրենց դռանը չի չոքել, մարդիկ կարող են անտարբեր լինել, ապրել իրենց կյանքով եւ ձեւացնել, թե ոչինչ էլ չի եղել: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը վախենում է նաեւ իր դեմ դժգոհության բարձրացող ալիքից։ Ի դեպ, ՔՊ-ում շատերն են տարակուսել նրա պատասխանից եւ նիստից հետո զարմացած քննարկել են՝ պատերազմն էլ ո՞նց է լինում, ինչո՞ւ չեն ուզում ռազմական դրություն հայտարարել։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»։

Որքան էլ տարակուսելի է, Փաշինյանը գոհունակությունն է հայտնել նաեւ ՀԱՊԿ-ի արձագանքից։ Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանի առցանց մասնակցությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ նիստ, որից հետո կառույցը հայտարարություն տարածեց, թե ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ Հայաստան առաքելություն ուղարկելու մասին` տեղում իրավիճակին ծանոթանալու: Մասնավորապես հայտարարվեց, թե աշխատանքներ են իրականացվում կազմակերպության մեխանիզմները գործարկելու համար։ Սակայն իշխանությունները գաղտնի են պահում, թե որ հոդվածով են գործարկվում ՀԱՊԿ մեխանիզմները՝ պայմանագրի 2-րդ հոդվածո՞վ` խորհրդատվության, թե՞ 4-րդ հոդվածով` ռազմական աջակցության։

Երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հստակ չպատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, ով հետաքրքրվեց, թե ՀԱՊԿ պայմանագրի որ կետով են դիմել։ Մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը երեկվա փակ հանդիպմանը կուսակիցներին ասել է, թե դիմել են 4-րդ կետով՝ ռազմական օգնության խնդրանքով, ապա մանրամասնել է, թե ինչու է գոհ ՀԱՊԿ-ի արձագանքից եւ շեշտել է՝ կառույցի որոշման հարցում էական է ՌԴ նախագահի գործոնը։ Փաշինյանն ասել է, որ անկեղծ, բաց քննարկում է տեղի ունեցել, եւ կառույցը, ըստ էության, ընդառաջել է դիմումին։ Ինչպես, եթե 4-րդ կետով նախատեսվում է ռազմական օգնություն, բացատրել է․ «Պետք է նախ ստուգել՝ մենք ճի՞շտ ենք ասում, թե՞ չէ: Մե՞նք ենք ագրեսորը, թե՞ Ադրբեջանը, ապա նոր խոսք կարող է լինել օգնության մասին»։ Սակայն չի ասել, թե երբ է նախատեսվում Զասի այցը Հայաստան։ Եվ արդյոք այն ուշացած չի՞ լինի, եթե Ադրբեջանն ակտիվացնում է իր գործողությունները
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/48f5e60fa0d8d8551af3d1c4d93679df

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Please enter a valid URL