Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Այս մասին ասել է ՀԱՊԿ քարտուղարությունը` հայ-ադրբեջանական սահմանի կտրուկ սրացման վերաբերյալ հայտարարություն տարածելով։
«Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ ու պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի26-ի հայտարարություններում»,–ասված է հայտարարության մեջ:
Տեղեկացվում է , որ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքներ:
«Բարձր ենք գնահատում սեպտեմբերի 13-ին ժամը 9:00-ից սկսած շփման գծում հրադադարի պահպանման գործում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»,– ասված է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի մեկնաբանության մեջ:
Կազմակերպության քարտուղարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: