ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է արել իր քաղաքացիներին՝ հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած հարձակման առնչությամբ:
«Կռիվ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Տեղական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները հայտնում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերի մասին, այդ թվում՝ հարձակումների մասին Արտանիշի, Գորիսի, Իշխանասարի, Ջերմուկի, Կապանի, Սոթքի և Վարդենիսի մոտակայքում: Հաղորդվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ Խուսափեք այս տարածքներից և հետևեք տեղական իշխանությունների ցուցումներին:
ԱՄՆ դեսպանատունը կշարունակի ուշադիր հետևել անվտանգության իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։
Գործողություններ, որոնք պետք է ձեռնարկվեն՝
Խուսափեք տարածքից,
տեղյակ եղեք ձեր շրջապատից,
դիտեք տեղական լրատվամիջոցները թարմացումների համար,
հետևեք դեսպանատանը Facebook-ում և Twitter-ում», — ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։