ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ծայրաստիճան մտահոգված ենք, կոչ ենք անում կողմերին զերծ մնալ հետագա էսկալացիայից և անշեղորեն պահպանել հրադադարը, մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։
Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ից հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջությամբ։
Բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի շուրջ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում», — ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։