Search
Close this search box.

Ինչ է ուզում Ալիևը․ Փաշինյանն այդ մասին խոսել է Աժ-ում

Վերջին` բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել ՀՀ–ի առաջարկած սկզբունքների հիման վրա։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է` չեն ուզում Հայաստանի հետ քննարկել ԼՂ-ի հարցը, քանի որ իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ էլ դա իրենց ներքին խնդիրն է, և չեն ուզում ՀՀ–ի հետ դա քննարկել։ Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում. նախկինում էլ ասել ենք` Ադրբեջանի կողմից առաջարկած սկզբունքները, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, մեզ համար ընդունելի է»,–ասաց Փաշինյանը։

Նա մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն տարածքային ամբողջականություն ասելով։ Այսինքն` Ադրբեջանը ՀՀ–ի տարածքային ամբողջականություն ասելով արդյոք նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք 2021-ի մայիսին, կամ էլ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օկուպացրել է։ Այս հարցը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից միանշանակ արձագանք չի ստացել։

Բացի այդ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը պահանջում է, որպեսզի ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։ «Արդյոք այս երկու խնդիրներից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանը ՀՀ–ի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ չի ունենալու։ Խոսակցության համատեքստում հնչում է, որ, այո, Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Բայց երբ խոսակցություն է գնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ` իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների մասով»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ նման խոսակցությունները սովորաբար սկսում են Նռնաձորով և ավարտվում են Երևանով։

Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հարցին, ապա, ըստ վարչապետի, Ադրբեջանը հայտարարում է, թե այդ հարցով կբանակցի միջազգային կառույցների հետ` չի բացառվում նաև` ԼՂ բնակիչների հետ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։

Please enter a valid URL