ԱԺ նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան անդրադարձավ ադրբեջանական հարձակմանը։ «Այս գիշեր ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ուղղությամբ։ Ունենք նաև զոհեր և վիրավորներ։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը։ Ստեղծված իրավիճակում թե մեր ժողովուրդը, թե քաղաքական ուժերը պետք է լինեն մաքսիմալ միասնական։ Այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական տարաձայնություններին տեղ տալ։
Նաև մեր համաքաղաքացիներին եմ ուզում դիմել՝ որևիցե ձևով խուճապի չմատնվել։ Մենք շատ բարդ իրավիճակում ենք գտնվում, և խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Օգտվելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ամրագրված 98-րդ հոդվածի 4-րդ մասից՝ ես ներկայացնելու եմ ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծ՝ ադրբեջանական հարձակման վերաբերյալ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։