Ադրբեջանն ինֆորմացիոն, դիվանագիտական հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով հարցին, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե հայկական կողմը կրակել է իր դիրքերի վրա։
«Այդ ագրեսիան այս պահին զսպում է միայն ու միայն ռուսական կողմը, նաև իրանական կողմը։ Սակայն պատահական չէ, որ նրանք հիմա են փորձում այդ ինֆորմացիոն ֆոնը նախապատրաստել, որովհետև իրենց գործողություններում նրանք ինքնուրույն չեն, նրանք էլ իրենց գործողոթյունները համակարգում են իրենց տերերի հետ, անգլոսաքսոնական ուժերի հետ»,– ասաց նա։
Ըստ փորձագետի՝ պատահական չէ, որ Ուկրաինայում Ռուսաստանի դեմ, ըստ էության, ՆԱՏՕ–ի հակահարձակման օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իր զինված ուժերին հրապարակավ հանձնարարում է պատրաստ լինել պատասխանելու հայկական կողմի իբրև թե սադրանքներին։
«Այսինքն՝ նրանք հույս ունեն, որ եթե ՆԱՏՕ-ն ուկրաինական հատվածում հասավ հաջողության, եթե կարողացավ այնտեղ ինչ–ինչ հաջողությունների հասնել և էապես կաշկանդել Ռուսաստանի հնարավորություններն արդեն այստեղ, պատեհ պահն օգտագործել, հարված հասցնել և փորձել առավելագույնը պոկել՝ տարածքային առումով նախևառաջ։ Բնականաբար առաջին թիրախը, այս առումով, Սյունիքն է»,– ասաց նա։
Ըստ Դավիթ Ջամալյանի՝ ողջ ողբերգությունն այն է, որ մենք մեր անվտանգության հեռանկարը այս պահին այս իշխանության օրոք ստիպված ենք կապել ուկրաինական ճակատներում ռուսական կողմի հաջողության հետ։
Հարցին, թե եթե Ուկրաինայում Ռուսաստանը ինչ–որ կերպ պարտություն կրեց, արդյոք Ադրբեջանն անմիջապես կհարձակվի, նա ասաց․«Կասկած անգամ չունենաք։ Եվ ամենամեծ ողբերգությունն այն է, որ գործող իշխանությունը ոչինչ չի անում այս հեռանկարը կանխելու համար։ Պարեկային ծառայության թիվն է մեծացնում, փոխանակ այդ գումարներն ուղղի սեփական բանակը ոտքի կանգնեցնելուն»։
Փորձագետը նշեց, որ Ռուսաստանն այստեղ ունի բավարար ուժեր դա կանխելու համար, բայց եթե այստեղ ճակատ բացվի, ապա ընթացքում անխուսափելիորեն ինչ–որ ռեսուրսներ այստեղ ներգրավելու անհրաժեշտություն լինելու է։ «Այս պահին Ռուսաստանն իր ռեսուրսների ողջ ծավալը նետում է ուկրաինական ճակատ, հետևաբար հենց հիմա է ադրբեջանա–թուրքական տանդեմին, իրենց բրիտանական տերերին ձեռնտու այստեղ ճակատ բացել, նաև Իսրայելին, նրանք հասկանում են, որ վաղն արդեն ուշ կարող է լինել»,– ասաց նա։
Դավիթ Ջամալյանի խոսքով՝ հիմա հարկավոր է գոնե հասնել իշխանափոխության, իսկ դրանից հետո բանակն արագ վերականգնել և առնվազն կանխել երկրորդ կործանարար հարվածը 44-օրյա պատերազմից հետո, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հարվածել և հետ բերել ինչ–որ բաներ։ Նրա խոսքով՝ Պարեկային ծառայությանը հատկացվող գումարով կարելի է, օրինակ, ԱԹՍ–ներ գնել Իրանից։
Դիտարկմանը, թե իշխանական շրջանակներում խոսվում է այն մասին, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱՄՆ այցելել է նաև զենք բերելու նպատակով, Ջամալյանն արձագանքեց՝ ասելով, որ քաղաքավարությունը թույլ չի տալիս իր կարծիքն արտահայտելու այս մասին, ապա հավելեց․ «Էշի տեղ են դնում մարդկանց, ոչ ավելին։ Ամերիկայից զենք բերելու է գնացել, հա՞։ Դե թող բերի։ Պապիկյանն Ամերիկայից զենք պետք է բերի, մենք էլ հույսով սպասենք։ Թող բերի»։
Փորձագետը նշեց, թե հասարակությունը բարոյահոգեբանական այնպիսի վիճակում է, որ դրա մի մասը, ցավոք, կարող է հավատալ նրան, որ Պապիկյանը կարող է ԱՄՆ–ից զենք բերել։ Ըստ նրա՝ եթե կարող էին, ապա թող 44-օրյա պատերազմի ժամանակ բերեին այդ զենքը։