Խարկովում էլեկտրականություն ու ջրամատակարարում չկա։ Տեղեկությունն իր թելեգրամ ալիքում հաստատել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։
«Շարքից հանվել են կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտները, ինչի հետևանքով Խարկովում լույսը չկա, դադարեցվել է ջրամատակարարումը», — գրել է Տերեխովը:
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ Խարկովում անջատվել է էլեկտրականությունն ու ջրամատակարարումը, չի աշխատում մետրոպոլիտենը: Ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում։
Սեպտեմբերի 11-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում էներգետիկ համակարգի լիակատար ու Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի ու Սումիի շրջաններում մասնակի խափանման մասին: ԶԼՄ-ները նաև հայտնել են, որ էլեկտրամատակարարման խնդիրներ կան նաև Պոլտավայի շրջանում։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 200-րդ օրը։