Այն, որ օգոստոսի 31-ից հետո ԱԳՆ-ն տարակարծություն հայտնեց ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ, արդեն նշանակում է, որ առաջիկայում պատերազմ է սպասվում Սյունիքում։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը. Հայաստան և Արցախ. անվտանգային ահագնացող սպառնալիքներ» քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Անկախություն» շարժման առաջնորդ Էդգար Ղազարյանը։
Նա հիշեցրեց Ալիևի այն հայտարարությունը, որ եթե բանակցությունների արդյունքում չստանա իր համար ցանկալի միջանցքը, ապա այդ խնդիրը լուծելու է ռազմական ճանապարհով։
«Ո՛չ միջազգային հանրությունն է հակադարձել, ո՛չ էլ հայկական կողմը։ Պատերազմ է սպասվում Սյունիքում, թիրախ է նաև Վարդենիսը, չի բացառվում առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանը սկսվի Արենի գյուղից և սրան դիմակայելու համար մեր քննարկումներն այլևս բավարար չեն»,-ասաց նա։
Էդգար Ղազարյանը հորդորեց, որ խորհրդարանական ընդդիմությունը վերադառնա ԱԺ՝ Նիկոլ Փաշինյանին վռնդելու օրակարգով։
Նշենք, որ քննարկումը նախաձեռնվել է ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից: Քննարկմանը ներկա են նաև քաղաքական տարբեր գործիչներ, մտավորականներ, փորձագետներ։ Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ մեկնարկած աշնանային նստաշրջանի աշխատանքներին: