Ռուս կրեմլամետ վերլուծաբանները անթաքույց հիացմունքով զուգահեռներ են անցկացնում այն ամենի միջև, ինչ անում է Ռուսաստանը Ուկրաինայում և ինչ հրահրում է Թուրքիան Հունաստանի դեմ: Պուտինի և Էրդողանի միջև «քիմիան», որը մարմնավորված է Արցախի օկուպացված Ակնայում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնով, վերածվում է նոր քաղաքական ճգնաժամերի և պատերազմների
Ուկրաինայում պատերազմի ընթացքի փոփոխությանը զուգահեռ Պուտինի և Էրդողանի ագրեսիվությունն աճում է։ Վերջին օրերին «տեղեկատվական լռության» պայմաններում ուկրաինական ուժերն առաջ են շարժվում հարավային եւ արեւելյան ուղղությամբ։ Ընդ որում, ռուսական սոցցանցերում խոսում են ոչ միայն ուկրաինական ուժերի հզորության և հմտության մեծացման, այլեւ նոր մարտավարության կիրառման մասին։
Ուկրաինայի զինված ուժերը սպառնալիք են ստեղծել Իզյումի ուղղությամբ հակառակորդի խմբավորման մատակարարման համար, որը մինչև վերջերս ամենահզորն էր ռուսական զորքերի բոլոր ստորաբաժանումներից։
Ռուսաստանը ստիպված է Հյուսիսային Կորեայից միլիոնավոր հրետանային արկեր ու հրթիռներ գնել, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության գաղտնազերծված տվյալները։
Եվրոպայի գազային շանտաժը նույնպես մնում է «գայլի պոչի» մակարդակում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ տարեսկզբին «եվրոպական ողջ էներգիայի 25%-ը ստացվել է գազից, որից 50%-ը՝ Ռուսաստանից, այժմ դրա մասնաբաժինը իջել է 9%-ի»։
«Հացահատիկի գործարքը» նույնպես լավ չի ընթանում։ Ռուսաստանում բողոքում են, որ գործարքի արդյունքում ռուսական հացահատիկ չի արտահանվում, միայն ուկրաինական, այն էլ՝ Եվրոպա։ Պուտինն առաջարկել է սահմանափակել Ուկրաինայից հացահատիկի արտահանման ուղղությունը և ասել, որ անպայման խորհրդակցելու է Էրդողանի հետ։ «Ի վերջո, նրա հետ էր, որ մենք մշակեցինք ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմ», – ասել է Պուտինը:
Էրդողանը քննադատել է Հունաստանին Լոզանի պայմանագիրը խախտելու համար՝ հայտարարելով, որ եթե Աթենքն իրեն վատ պահի, ապա Թուրքիան կարող է հարվածներ հասցնել։ Նա նաեւ քննադատել է Արեւմուտքին Պուտինին հաշվի չառնելու եւ պատերազմ սադրելու համար, ակնարկելով, որ նույնը կատարվում է իր հետ։
Պուտինի և Էրդողանի փսիխոզը պայմանավորված է Ռուսաստանի և Թուրքիայի ներքին խորացող ճգնաժամերով․ նրանք փորձում են «արտահանել» այդ ճգնաժամերը՝ հարեւան տարածաշրջանների ու երկրների դեմ ագրեսիայով։
Այս ֆոնին, Փաշինյանը Վլադիվոստոկում 9 անգամ շնորհակալություն հայտնեց Պուտինին և Հայաստանը «կապեց» Ռուսաստանին ու Թուրքիային, որոնք վերացնում են Հայաստանի ինքնիշխանությունը։
lragir.am