Բաքուն համագործակցում է ավելի քան 50 երկրների առաջատար ընկերությունների հետ՝ իր ռազմատեխնիկական զինանոցը համալրելու համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ռազմատեխնիկական ոլորտում աշխարհի առաջատար երկրների հետ համագործակցությունը զարգացնելուց բացի՝ Ադրբեջանը զարգացնում է իր կարողությունները նաև հայրենական պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Ներկայում Ադրբեջանը սերտորեն համագործակցում է աշխարհի ավելի քան 50 երկրների առաջատար ընկերությունների հետ ավիացիայի, նավիգացիայի, սարքաշինության և այլ ուղղություններում, տարեցտարի մեր երկրի ռազմարդյունաբերական ձեռնարկություններում արտադրվող արտադրանքի ծավալն ավելանում է»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտպանության չորրորդ միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևն էլ հայտարարել է, որ Բաքուն «ADEX» 4-րդ միջազգային պաշտպանական և «Securex Caspian» 13-րդ միջազգային ցուցահանդեսների շրջանակում Թուրքիայի և Իսրայելի հետ պայմանագրեր է ստորագրելու նոր զինատեսակների գնման վերաբերյալ։ «Թուրքիայի հետ միասին աշխատում ենք այնպիսի զինատեսակների վրա, որոնք նախատեսված են 10-15 տարի հետոյի համար։ Այսինքն՝ մենք նայում ենք ապագային։ Մենք նույնիսկ 20 տարի առաջ են նայում»,- հայտարարել է Գուլիևը։
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ անկախ նրանից Բաքուն 50 թե 20 երկրների առաջատար ընկերությունների հետ է համագործակցում իր ռազմատեխնիկական զինանոցը համալրելու համար, նման քայլը շատ մեծ նշանակություն ունի․ «Հնարավոր է այդ 50-ի մեծ մասը պարզապես որևէ երկրի հետ համագործակցության փոքրիկ դետալ լինի, բայց ես դա շատ կարևոր եմ համարում։ Իհարկե մեծամասամբ ներկրողի տեսքով, բայց Ադրբեջանն իսկապես մեծ թափ է հաղորդել իր ռազմատեխնիկական համագործակցությանը։ Դա փաստ է, նորություն չէ։ Դրան պետք է նայել նախանձելով, բայց ոչ թե պատերի տակ այդ նախանձության դրսևորումները ցույց տալով, այլ գործ անելով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Հովհաննիսյանի՝ մեր խնդիրն այն է, որ մենք իրար վրա մեղք բարդել, փնթփնթալ շատ լավ գիտենք, բայց գործ անել՝ չգիտենք․ «Ամեն մեկն իր ոլորտում իր գործն անել չգիտի։Պետք է նստենք գործ անենք։ Պետք է գրենք ռազմավարություն, գտնենք այն շփման կետերն ու եզրերը, որոնք մեզ հետաքրքիր են ու աշխատենք։ Միգուցե 50 կամ 20 երկիր պետք չէ, կարող ենք 5 երկրի հետ համագործակցել ու մեր խնդիրները լուծվեն։ Դա արդեն ոլորտի մասնագետները կասեն»։
Խոսելով այն մասին որ Ադրբեջանը նայում է ապագային՝ նույնիսկ 10-15 տարվա կտրվածքով, մեր զրուցակիցն ասաց․ «Իհարկե։ Ես միայն կարող եմ ասել՝ նախանձելի է, որ մարդիկ իրենց առաջ երկարաժամկետ պլանավորում են դնում և դրա հետևից հետևողականորեն աշխատում են։ Նույնը նաև Թուրքիան է անում։ Սրանից 20 տարի առաջ Թուրքիան սկսեց մտածել սեփական ռազմական արդյունաբերության մասին»։
Մեր այն դիտարկմանը, թե սա կարո՞ղ է նոր ռազմական գործողությունների նախապատրաստություն լինել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց․ «Իհարկե կարող է։ Ինչ-որ մեկը մտածում է, որ Ադրբեջանը դարձավ աշխարհի ամենախաղաղասեր հարևան պետությունը՞։ Ես, անկեղծ ասած, այդպիսի պատրանքներ չունեմ։ Պետք է երկարաժամկետ նստել մտածել այս ամենի շուրջ։ Ես բազմիցս ասել եմ՝ ինչ է պետք անել։ Պետք է գրել ռազմավարություն, դոկտրինաներ, ռիսկերը գնահատել, ճանապարհները, ուղենիշները նշել՝ ում հետ ինչպես ու ինչքան աշխատել»։
Հետաքրքրվեցինք նաև, թե Հայաստանին ինչքանով է խանգարում կամ սահմանափակում Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը, մեր զրուցակիցը նշեց․ «Այդպիսի մի բան կարող է լինել։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ հաճախ մեր գլուխների, ոմանց մտածողության մեջ է, քան իրականում կա։ Ցանկություն է պետք»,-եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։
1in.am