Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Վլադիվոստոկում կայացած հանդիպմանն ու հայ–ռուսական հարաբերություններին։
Հայաստանի ղեկավարության ներկայության ապահովումը ՀՀ–ի հետ որևէ աղերս չունեցող տնտեսական ֆորումում, կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ բրյուսելյան գործընթացներում Հայաստանը գուցե խախտել է ինչ–որ պայմանավորվածություններ թե՛ ծրագրերի իրականացման տեմպերի, թե՛ գերակայությունների ընտրության առումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով։ Համաժողովի շրջանակում այսօր կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
«Նիկոլ Փաշինյանն այդ ֆորում էր հասել Պուտինի հետ հանդիպելու համար։ Այսինքն` ակնհայտ է, որ ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վլադիվոստոկ, որպեսզի հիմնականում խոսեն հենց հայ–ադրբեջանական, հայ–թուրքական հարաբերությունների և արցախյան խնդրի շուրջ զարգացումների մասին։ Այդ է վկայում թեկուզ այն հանգամանքը, թե հայկական կողմը ինչպիսի կազմով էր մեկնել Ռուսաստան, այսինքն` Վլադիվոստոկ էին ժամանել մարդիկ, որոնք անմիջականորեն ներգրավված են հայտնի գործընթացներում և բանակցություններում»,– նշեց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի դիտարկմամբ` այն, ինչ խոսվեց ֆորումի ամբիոնից, ավելի շատ կրում էր ֆորմալ բնույթ, մինչդեռ այցի իրական շարժառիթը կապված էր ՌԴ ղեկավարության նախաձեռնության հետ, որովհետև կուտակվել են որոշակի հարցեր, մտահոգություններ, որոնք ստիպում են, որ հայկական կողմը պարզաբանումներ տա։
Ըստ փորձագետի` որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձեց իր ելույթում հիմնավորել, թե Հայաստանն ինչ կապ ունի Վլադիվոստոկում տեղի ունեցող ֆորումի հետ, այդուհանդերձ, նրա մեկնաբանությունները որևէ աղերս չունեն իրականության հետ, և այդ առումով որևէ համոզիչ բան չասվեց։
«Մի բան է վլադիվոստոկյան ֆորումում մեր կողմից լսածն ու տեսածը, մեկ այլ բան` կուլիսներում տեղի ունեցած զրույցները։ Որ կուտակվել են հարցեր, դրա ապացույցն էր այն, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը վերջերս նույնիսկ նոտա հղեց ՀՀ իշխանություններին Հայաստանում հակառուսական տրամադրությունների շրջանառության կապակցությամբ, ինչի համար ռուսական կողմն անուղղակիորեն մեղադրում էր ՀՀ իշխանություններին, որ կանխարգելիչ որևէ բան չեն անում այդ ուղղությամբ։ Ռուսական կողմը հետևողականորեն սպասում էր իր նոտայի արձագանքին»,– ասաց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի կարծիքով` բուն նոտայի հրապարակումը հայ–ռուսական հարաբերություններում ընդհանրապես բացառիկ երևույթ է։ Դա ըստ էության ռուսական դեմարշ էր Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականության նկատմամբ։
Ըստ նրա` ՌԴ–ն եկել է այն եզրակացության, որ Հայաստանի ղեկավարությունն անցել է սահմանված որոշակի կարմիր գծերը, և հավանաբար կան տեղեկություններ ու վերլուծություններ, որոնք թույլ են տվել պաշտոնական Մոսկվային հրապարակային մակարդակով ի լուր ամենքի հայտարարել առկա խնդիրների, ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մասին` շրջանցելով ռուսական կողմին։
Եթե հավանում է ՀՀ-ում աշխատելը, խնդրեմ. Պուտինը և Փաշինյանը քննարկել են միգրացիոն հոսքերը
Քաղտեխնոլոգի գնահատմամբ` Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածումն ուղղակի պատրվակ էր, որով Հայաստանին դեղին քարտ ցույց տրվեց, ինչից հետո ՀՀ իշխանությունները սկսեցին քայլեր ձեռնարկել հակառուսական ցույցերի ու ակցիաների ցրման ուղղությամբ։ Ռուսական կողմը հասկացրեց, որ հայաստանյան իշխանություններն այս անգամ բավականին նյարդայնացրել էին Ռուսաստանին ու առիթ տվել շատ լուրջ խոսակցության։
armeniasputnik.am