Search
Close this search box.

Հայաստանը հույս ունի լուծել ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի աջակցությամբ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին։

«Մենք արդեն բանակցություններ ենք սկսել Թուրքիայի հետ։ Մենք հույս ունենք բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ Ռուսաստանի աջակցությամբ»,- Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ ինտենսիվ խոսակցություն կա ԼՂ հիմնախնդրի շուրջ։

«Մենք ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից, այլ նաև որպես Ադրբեջանի շատ մերձավոր գործընկեր։ Սա նաև հնարավորություններ է բացում Ադրբեջանի համար», — նշեց ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով արևելյան տնտեսական համագործակցության խնդրին` ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանն այդ ֆորմատում ուղիղ մասնակցությւն ունի, քանի որ աշխարհում լոգիստիկ փոփոխություններ են կատարվում, որոնցում նաև Հայաստանն իր համար նոր հնարավորություններ է նկատում։
«Անկախ ամեն ինչից, ապրանքների տեղափոխությունը Արևելքից Արևմուտք ու Արևմուտքից Արևելք կանգ չի առնի, այնպես ինչպես` հյուսիսից հարավ ու հարավից հյուսիս։ Եթե նայենք քարտեզին, ակնհայտ կդառնա, որ Հայաստանը գտնվում է այդ ուղիների խաչմերուկում, ու մենք կարծում ենք, որ կան հնարավորություններ, որոնք կարող են օգտագործվել»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտնեց, որ Հայաստանում այսօր իրականացվում է Հյուսիս-Հարավ նոր ճանապարհային ուղու շինարարությունը, որը կապելու է Հայաստանի հարավային` Իրանի հետ սահմանը հյուսիսային` Վրաստանի հետ սահմանին։

«Բայց այսօր նաև նոր հնարավորություն է բացվում։ Դուք գիտեք, որ 2020թ–ի նոյեմբերի 9-ին` անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի ջանքերով ստորագրվել է եռակողմ հայտարարություն ՀՀ–ի, ՌԴ–ի ու Ադրբեջանի միջև` ԼՂ հակամարտության տարածքում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Այդ հայտարարության 9-րդ կետում խոսվում է տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակման մասին»,– ասաց վարչապետը։

Նրա մեկնաբանմամբ, այն, որ Հայաստանն` Արդբեջանի, իսկ Ադրբեջանը` Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն է ստանում, գլոբալ առումով նշանակում է տրանսպորտային նոր ուղիների բացման հնարավորություն։ ՀՀ վարչապետը շեշտեց, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է այդ հնարավորության իրագործմամբ։
«Իհարկե, ամեն ինչ չէ, որ որոշված է։ Կա լավ առաջընթաց եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում։ Բայց ամեն ինչ չէ որոշված, հարկավոր է լուծել իրավական բնույթի հարցեր, թե ինչ իրավակարգավորումներով են գործելու այդ ճանապարհները։ Բայց դիրքորոշումը հստակ է, որ բացվող ուղիները պետք է գործեն այն երկրների ամբողջական ինքնիշխանության ներքո, որոնց տարածքներով անցնում են։ Մենք հուսով ենք, որ այս սկզբունքի վրա մենք կկարողանանք իրագործել հարավը հյուսիսին, արևելքն արևմուտքին կապող այս նախագիծը, որը մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նկատեց, որ ծրագրի իրականացումը ձեռնտու է ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների` ՀՀ–ի, Իրանի, Վրաստանի ու Թուրքիայի համար, այլև ՌԴ–ի, հեռավոր ու մերձավոր արևելյան երկրների, անգամ աֆրիկյան երկրների համար։

Please enter a valid URL