Հայաստանում իշխող Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները երկչոտ խոսում են Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» մոտալուտ ստորագրման մասին, թեև բավական թերահավատությամբ։
Համաձայնագրի ստորագրման հավանականության մասին օգոստոսի 31-ին բրյուսելյան հանդիպումից հետո հայտարարեց Ալիևը, որը պնդեց, որ Փաշինյանը երկու տարի չէր ցանկանում, բայց ի վերջո համաձայնել է Բաքվի պայմաններով սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները։
Հայաստանի ԱԳՆ-ն առարկեց՝ նշելով, որ Հայաստանն էլ է իր պայմաններն առաջ քաշել։ Սակայն Բաքվի ՊՆ-ի՝ հայկական կողմից իբր գնդակոծությունների վերաբերյալ հաղորդագրությունների հաճախակիացումը վերլուծաբաններին հիմք է տալիս կարծելու, որ Ալիևը Բրյուսելում չի ստացել այն, ինչ սպասում էր։
Կարծիք կա, որ Փաշինյանին ու Միրզոյանին հիմա հրավիրել են Ռուսաստան, որպեսզի համոզեն ինչ-որ լուծումների, որոնց շուրջ Բրյուսելում չի հաջողվել համաձայնության հասնել։ Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված «միջանցքների» բացման և 2020 թվականի ահաբեկչական պատերազմի արդյունքների «օրինականացման» մասին է։
Արա Պապյանը կարծում է, որ Հայաստանին թույլ չեն տվել ստորագրել կապիտուլյացիոն պայմանագիրը։ Թե կոնկրետ ով,, կարելի է դատել փաստերով։ Իրանն ամենաբարձր մակարդակով նախազգուշացրել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին (խաղաղության պայմանագիրը կարող է հենց այդպիսի փոփոխություն լինել): ԱՄՆ-ն ակտիվացրել է Մինսկի խմբի իր համանախագահին և հայտարարել «համապարփակ կարգավորման» անհրաժեշտության մասին, որը ներառում է Արցախի կարգավիճակի հարցը։
Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա համաժողով, որի հիմնական զեկուցողը կլինի Արցախի արտաքին գործերի նախարարը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցով գտնվում է ԱՄՆ-ում։
Փոփոխվող իրողությունների համատեքստում խաղաղության պայմանագրի ստորագրումը համարժեք չի թվում։ Դատելով հայտարարություններից՝ կան ուժեր, որոնք երկրի ղեկավարությանը հորդորում են հնարավորինս արագ արձանագրել պարտությունը։ Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ «մենք մի իրավիճակում ենք, որ ժամանակի հետ խաղալու հնարավորություն չունենք»։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասում է, որ Բաքուն նպատակ ունի խաթարել խաղաղ գործընթացը։ Եվ պարզ չէ, թե արդյոք Երեւանի ու Բաքվի արտգործնախարարները բանակցությունների առարկա կունենան, որոնք, ըստ Բրյուսելի պայմանավորվածության, պետք է հանդիպեն մեկ ամսվա ընթացքում։
Lragir.am