Մինչև 2022 թվականի վերջ Ուկրաինան կկարողանա ռուսներին հետ մղել շփման գծից այն կողմ, որը եղել է մինչև փետրվարի 23-ը։ Դա կհաջողվի մեկ պայմանով, եթե դրա համար անհրաժեշտ ամեն ինչ ապահովվի։ Նման կարծիք է հայտնել Եվրոպայում ԱՄՆ զորքերի նախկին հրամանատար, Աֆղանստանի և Իրաքի պատերազմների վետերան, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը Channel 24-ին տված հարցազրույցում։
Նա վստահ է, որ այդ դեպքում արդեն հաջորդ տարի Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմը կհայտնվի Ուկրաինայի վերահսկողության տակ։
«Համոզված եմ, որ ռուսները պայքարելու կամք չունեն: Կրեմլը ռեզերվներ է փնտրում Հյուսիսային Կորեայում, Աֆրիկայում, Սիրիայում: Նույնիսկ բանտերում, որպեսզի ինչ որ մեկին ստիպեն կռվել ռուսական խղճուկ բանակի շարքերում։ Դա վկայում է, որ ռուսները խոցելի են և ուժասպառ», ասել է նա։
Հոջեսն ասել է, որ ռուսները «կփլուզվեն», եթե պահպանվի միասնությունը և Ուկրաինային ամբողջական աջակցությունը. «Ես զգում եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մեզ սպասում են դաժան մարտեր, և ռուսական զորքերը կցրվեն: Ես չեմ տեսնում, թե ինչպես նրանք կարող են բարելավել իրենց իրավիճակը: Այնուամենայնիվ, մենք պետք է Ուկրաինային տրամադրենք ամեն ինչ, ինչի կարիքն ունի»։