«Հրապարակ» թերթը գրում է. «Մահապատժի մասին հայտարարությունն առավելագույնը հիմարություն է, նվազագույնը՝ անգրագիտություն։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ հայրենիքի դավաճաններին մահապատժի ենթարկելու հայտարարության մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։
«Մարդ, ով իրավաբանական կրթություն ունի, մարդ, ով հասկանում է, թե աշխարհն ուր է գնում, նման հայտարարություններով իրավունք չունի հանդես գալ։ Ես, առնվազն, բոլոր հնարավոր կոչումներից կզրկեի նմանատիպ հայտարարությունների համար եւ հնարավորինս խստորեն կպատժեի գործող քրօրենսգրքի շրջանակներում»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է բանակի գեներալիտետի կալանավորումներին, Սարգսյանն ասաց, որ, իր կարծիքով, գոյություն չունի անձեռնմխելի մարդ, եւ եթե նրանք մեղավոր են, ապա պետք է պատասխանատվություն կրեն։
Նա շեշտեց, որ բոլոր այն գեներալները, որոնք տանուլ են տվել ապրիլյան եւ 44-օրյա պատերազմները, ոչինչ չեն արել, բայց փոխարենը թալանել են այն, ինչ հնարավոր էր թալանել, պետք է բոլոր կոչումներից, պետական պարգեւներից զրկվեն եւ սերժանտի կարգավիճակով գնան բլինդաժի գիծ՝ իրենց փորած բլինդաժներում ապրելու։
Սոցիոլոգը նկատում է, որ քաղաքական եւ ռազմական ղեկավարությունները տարբեր են, եւ բանակի բացթողումների մեղավորները գեներալներն են ու միայն նրանք․ «Ոչ մի քաղաքական ղեկավար չի զբաղվում նրանով, թե ինչպես պետք է փորվի բլինդաժը, ոչ մի քաղաքական ղեկավար չի զբաղվում ու ընդհանրապես պարտավոր չէ իմանալ, թե չորրորդ սերնդի կամ հինգերորդ սերնդի պատերազմներն ինչպես են տեղի ունենում։ Դա իր գործառույթը չէ՝ դա բանակը պիտի անի»։
Սարգսյանը նշում է, որ գեներալ-գնդապետ Արցախի բանակում ոչ մի «ուստավով» չի կարող լինել։ Նա ասաց, որ 15-18 հազարանոց Պաշտպանության բանակին չորս գեներալ-գնդապետ չի կարող հասնել, եւ օրինակ բերեց ՌԴ զինված ուժերը, որոնք Ուկրաինայում ներգրավված զորամիավորումներում ունեն մեկ կամ երկու գեներալ-գնդապետ, ընդ որում՝ այդտեղ խոսքը գնում է 180 հազարանոց բանակի մասին։
«Բանակի թերություններն ամբողջությամբ գեներալիտետի վրա են՝ ամբողջությամբ»,- ասաց Սարգսյանը։
Մեր հարցին, թե արդյոք չորս տարին բավական չէ՞ր այդ թերությունները վերացնելու համար, սոցիոլոգը նշեց, որ հնարավոր էր նույնիսկ մեկ տարում դա անել, սակայն գեներալիտետն ինքը պիտի փոխվի՝ քաղաքական իշխանությունը չի կարող դա անել գեներալիտետի փոխարեն, քանի որ բանակը քաղաքական դաշտից առանձնացված է։ Մեր նկատառմանը, որ իշխանությունները պարբերաբար փոխում էին զինված ուժերի ղեկավարներին, Կարեն Սարգսյանն ասաց, որ հաճախակի փոփոխությունների պատճառը խնդիրների առկայությունն էր․ «Եթե գեներալները խառնվում են քաղաքականությանը, եթե գեներալները նստում-ասում են՝ գիտե՞ք ինչ կա, այս կառավարությունը պիտի հրաժարական տա, մենք պահանջում ենք հրաժարական, նույնիսկ ամենաժողովրդավարական հասարակությունում իրենք բոլորը կկալանավորվեին ամենամեծ ժամկետներով։ Բոլորը՝ քառասունքանի հոգին ԱԱԾ-ով, ծեծելով, այնպես, որ երիկամները քթներից դուրս գային, որովհետեւ դա ռազմական հեղաշրջման փորձ էր։ Իրավունք չունի բանակը խառնվել քաղաքականությանը եւ քաղաքական դաշտը՝ բանակի առօրյային»։
Անդրադառնալով իշխանությունների կողմից առաջ քաշվող խաղաղության օրակարգին՝ Սարգսյանն ասաց, որ խաղաղությունից բացի այլ տարբերակ չկա։ Նա շեշտեց, որ թղթի վրա կարող է ամեն ինչ գրված լինել, բայց խաղաղության օրակարգն այն մասին է, որ շփման գծում ադրբեջանցի զինվորները չեն կրակելու հայ զինվորների վրա։ Նա հավելում է, որ կողմ է խաղաղությանը, այլ հարց է, թե այդ խաղաղությունն ինչպես է ապահովվելու, իսկ հանրության՝ խաղաղությանը պատրաստ լինելու հարցին ի պատասխան ասաց, որ մեր հանրությունը նույնիսկ պատերազմին պատրաստ չէր։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում բարերար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում բնակության տեղափոխվելուն, ասաց, որ սոցիալ-հոգեբանական տեսանկյունից արցախցիների համար բավականին դրական ազդեցություն կունենա վերջինիս քայլը։
«Տեսեք, ինքը՝ որպես բանակցության մարդ, իդեալական Արցախի ղեկավար է, որովհետեւ Ռուբեն Վարդանյանը հանգիստ կկարողանա Իլհամի հետ խոսել հավասարը հավասարի պես, առավել եւս, որ կարճ զանգով Միշուստինին էլ կարող է խառնել, քանի որ նրանք բավականին մտերիմ են։ Խնդիրն այն է, որ Արցախի համար Ռուբեն Վարդանյանն ու նրա նման մարդիկ փրկություն են։ Հիմա հարցն այն է, թե արցախցիները պատրա՞ստ են դրան, թե՞ ոչ։ Այն, որ Արցախի անվտանգության եւ ապագայի տեսանկյունից Ռուբեն Վարդանյանը եղած քաղաքական գործիչներից, ովքեր Արցախում են, ամենաուժեղն է, դա կասկածից վեր է»,- հայտարարեց Սարգսյանը։
Մեր հարցին, թե արդյոք կարծո՞ւմ է, որ Վարդանյանն Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ծրագրեր ունի, Սարգսյանն ասաց․ «Նրա մասշտաբն այնքան է, որ Վիտոյի վրա Արայիկ դնես, բազմապատկես 50-ով, կարող է Վարդանյան Ռուբենի ծնկին չհասնեն, էլ չհաշված, թե հայրենիքի համար ով ինչ է արել՝ անկախ դրանից»։
Կարեն Սարգսյանը նկատեց նաեւ, որ Ռուբեն Վարդանյանին Արցախում շատ ավելի դրական են վերաբերվում, եւ քանի որ Վարդանյանն ավելի շատ պրոռուսական կողմնորոշում ունի, նրան այստեղ այնքան էլ չեն համակրում՝ նրա արած մի շարք հայտնի հայտարարությունների պատճառով։
Ինչ վերաբերում է պատերազմից հետո հանրության պրոռուսական կամ պրոարեւմտյան լինելուն, Սարգսյանը նշում է, որ ընտրելու պարագայում վստահաբար կընտրվի ԱՄՆ-ն, քանի որ բոլորն էլ ցանկանում են ունենալ եւ օգտագործել արեւմտյան տեխնոլոգիաները, կրթություն ստանալ արեւմտյան երկրների բուհերում եւ ապրել արեւմտյան երկրների քաղաքացիների կենսամակարդակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում