Search
Close this search box.

Սպանություն Լոռու մարզում․ սրտի հատվածում ստացած դանակի վնասվածքով 32-ամյա տղամարդ է մահացել

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Սեպտեմբերի 6-ին, ժամը 00։30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժշիկների խումբը Տարոն 2 Ուկրաինական պողոտայից «ձախ թիակի շրջանի կտրած պատռած վերք 7-ից 8 սմ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նավասարդյանը։

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տարոն 2 թաղամասի բնակիչ 32-ամյա Գագիկ Հովհաննիսյանն էր։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սեպտեմբերի 5-ին ժամը 22։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ Ս․ Հ․-ի հետ անձնական հարցի շուրջ Տարոն 2 Ուկրաինական պողոտայի 10/2 հասցեի մոտ վիճաբանություն է առաջացել Վանաձորի բնակիչ 31-ամյա Կարեն Առաքելյանի և Գ ․ Հովհաննիսյանի միջև․ որի ընթացքում Կ․ Առաքելյանը սուր կտրող-ծակող առարկայով (ըստ տեղեկությունների՝ օգտագործվել է դանակ) հարվածել է Գ․ Հովհաննիսյանին, ինչը դարձել է մահվան պատճառ։

Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզել են նաև ականատեսների ինքնությունը, ովքեր հրավիրվել են ոստիկանության Տարոնի բաժին, կատարվածի մասին տվել հաղորդումներ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Կ․ Առաքելյանին և հանցագործության գործիք-դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննության շահերից ելնելով, որոշ հանգամանքներ չենք հրապարակում։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Please enter a valid URL